Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննչական կոմիտեի միջնորդությունն ու 2 ամսով կալանավորեց Արցախում գերեվարված երկրորդ վարձկանին։
Քննչական կոմիտեն գիշերը հրապարակեց Հաջիի հարցաքննության տեսագրությունը, որտեղ նա պնդում է, որ իր կամքով է ցուցմունք տալիս։ Սիրիայում հավաքագրված, Թուրքիայով Ադրբեջան տեղափոխված արաբը իրավապահներին պատմել է պատերազմական գոտի հասնելու իր ճանապարհը և ասել, որ Ադրբեջանի զորամասերից մեկում տեսել է թուրք բարձրաստիճան զինվորականների։ Ավելի վաղ նույնաբովանդակ ցուցմունք էր տվել գերեվարված մյուս արաբ տղամարդը, որին նույն հոդվածներով արդեն մեղադրանք է առաջադրվել։
«Երկրորդ զորամասում էին գտնվում շեյխ Իմբրահիմն ու Աբու Համշան։ Մոտ հինգ անձ, զինված ատրճանակներով, շրջում էին նրանց հետ։ Ինչպես նաև նշված զորամասում էին գտնվում ևս հինգ հարյուր հոգի սիրիացի արաբներ, ովքեր կրկին գումարի դիմաց էին եկել կռվելու։ Բացի այդ, նշված վայրում կային թուրք և ադրբեջանցի զինվորականներ, ովքեր շփվում էին շեյխ Իբրահիմի և Աբու Համշայի հետ։ Աբու Համշան հանդիսանում է խմբավորման ղեկավարը։ Նա էր ղեկավարում Սիրիայից Ադրբեջան եկող վարձու զինվորականներին և պատասխանատու էր նրանց համար», - հարցաքննության ժամանակ ասել է վարձկանը։
Նոյեմբերի 2-ին ձերբակալված Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, գրել-կարդալ չիմացող, հայրենիքում անասնապահությամբ և հողագործությամբ ընտանիքը պահող Հաջին հայաստանցի իրավապահներին պատմել է, որ 15 օր առաջ հարևան գյուղի բնակիչ, Իբրահիմ անունով իր ծանոթը, ում դիմում էին որպես Աբու Ահմադ, իր տուն է եկել և հայտնել, որ Ադրբեջանում եռամսյա զորավարժություններ են, կարող է մասնակցել, ինչի համար ամսական 2.000 դոլար կստանա։
«Ընտանիքս դեմ էր», - պատմել է 5 անչափահաս երեխաների հայրը։ - «Բաբ ալ Սալամ անցակետում հավաքված են եղել շուրջ 500 անձ, որոնք բոլորը սիրիացի արաբներ էին։ Առավոտյան ժամը 8-ին այնտեղ է եկել Աբու Համշայի եղբայրը, ում անունը Սեիֆ էր։ Երբ Սեիֆը եկավ, նախ հայտարարեց, որ իրենք մեզանից ոչ ոքի չեն ստիպում, մենք գնալու ենք ամսական 2000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, ով ցանկանում է, կարող է վերադառնալ։ Բայց եթե որոշեք մեզ հետ միասին գնալ Ադրբեջան, և այնտեղից ինչ-որ մեկը ցանկություն հայտնի վերադառնալ, ոտքից կկրակեմ և չեմ թողնի»։
Աբու Ահմադը Հաջիին պատմել է, որ ընտրում էին 20-40 տարեկան տղամարդկանց և որ իրենցից առաջ ևս 500 մարդու են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 18-ին նա և ևս 500 վարձկաններ հասել են Ադրբեջան, տեղավորել են կենտրոնական զորամասերից մեկում։ Ադրբեջանի օդանավակայում վարձկաններին դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողները, ապա ուղեկցել զորամաս, որտեղ ևս թուրք զինվորականներ կային․ - - «Մենք թուրք զինվորականներին զանազանում էինք իրենց համազգեստի վրայի դրոշներից»։
Գերեվարվելուց հետո իր առաջին կարճատև հարցաքննության ժամանակ Հաջիի պարանոցից կախված էր թվերի համակցությամբ վզնոց։ Երկրորդ հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ բոլոր վարձկաններին համակարակալում էին։ Իրենց զինվորական համազգեստ են տվել, զինել ռուսական զենքով ու դանակներով և ճանապարհել ռազմաճակատ։ Արաբ վարձկանը պատմել է, որ հասնելով ռազմաճակատ, իրենց հրահանգել են դիմացի հատվածում գտնվող հայկական գյուղում սպանել բոլորին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ Ամեն հայի համար 100 դոլար գլխագին են խոստացել։
Չնայած գերեվարված վարձկանների վկայություններին, բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների հետաքննություններին՝ Իլհամ Ալիևը այսօր կրկին հերքել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները և պնդել, որ իրենց վարձկաններ պետք չեն, Ադրբեջանը լավ սպառազինված 100-հազարանոց բանակ ունի։ Իսկ Թուրքիայի աջակցության մասին էլ ասել է, թե դա բացառապես բարոյական և քաղաքական օգնություն է։
Մինչդեռ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմը բավարար ապացույցներ ունի վարձկանների ներգրավումն արգելող միջազգային կոնվենցիայի և այլ փաստաթղթերի խախտման վերաբերյալ․ - «Ունենալով նման խումբ պարտականություններ պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, դեռ մի բան էլ պետությունը ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը, կամ զինել վարձկաններին և տեղափոխել հակամարտության գոտի, օգտագործել ինքնորոշման իրավունքի համար պայքարող բնակչության դեմ, դա բավական լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում։ Եվ Կառավարությունում բոլոր հնարավոր իրավական պրոցեսները բավական մանրամասն քննարկում են»։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի Արթուր Մելիքյանը հավաստիացրեց է, որ առաջիկայում կհրապարակեն բոլոր ապացույցները․ - «Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նշանակությունը շատ-շատ մեծ է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով։ Յուրաքանչյուր փաստական հանգամանք բացահայտվում է որոշակի ապացույցով։ Այդ ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում կօգտագործվեն, իմ կարծիքով, ինչպես քաղաքական դաշտում քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում»։
Քննչական կոմիտեն վարձկանների բացահայտման գործերով համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության հետ։