Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն միմյանց մեղադրում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտելու համար


Մարդասիրական զինադադարի արդեն երկրորդ պայմանավորվածությունն ու հերթական խախտումը։ Կեսգիշերից մի քանի ժամ անց պաշտոնական Երևանը հայտարարեց՝ Ադրբեջանն ընդամենը րոպեներ անց կրկին խախտել է կրակի դադարեցման՝ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը։

Երեկ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, կեսգիշերից հաստատել մարդասիրական զինադադար: Պաշտոնական Երևանն այս անգամ ձեռքբերված համաձայնության գործում առանձին շեշտում է Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը։ Նախորդը՝ հոկտեմբերի 10-ին ձախողված հրադադարի մասին պայմանավորվածությունը, ձեռք էր բերվել Մոսկվայի միջնորդությամբ։

Հրադադարը խախտելու մասին հայկական կողմի հայտարարությունից ժամեր անց Բաքուն հայտարարեց, թե հայերն են կոպտորեն խախտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառելով ականանետեր և հրետանի։ Նույն մեղադրանքը նաև պաշտոնական Երևանից հնչեց:

«​Ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ», - նշված է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:

Հարավում Ադրբեջանը փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը, սակայն Պաշտպանության բանակը կասեցնում է ադրբեջանական կողմի հարձակումները։ Այս մասին էլ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարեց։ Ըստ նրա՝ թիրախում է նաև Ադրբեջան-Իրան սահմանին գտնվող Խուդաֆերինի ջրամբարը։

«Թուրքիան, Ադրբեջանը և ահաբեկիչները փորձում են այդ ռազմավարական կարևորագույն հանգույցը կա՛մ շարքից հանել, կա՛մ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաև ազդեցություն գործեն, շատ ազդեցիկ լծակ ունենան Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ», - ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Դավիթ Բաբայանի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ կրակի դադարեցման պայմանավորվածությունը որոշ հատվածներում պահպանվում է։ Արցախում դեռ հույս ունեն, որ զինադադարի պայմանավորվածությունը կպահպանվի, բայց միևնույն ժամանակ հայտարարում են՝ զգոնությունը չեն կորցնում։ Արցախի նախագահի խորհրդականը համոզված է՝ եթե Ադրբեջանն այս անգամ էլ չպահպանի պայմանավորվածությունը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ ավելի կոշտ ձևով են վերականգնելու զինադադարի պայմանավորվածությունը։

«Երրորդ անգամ չեմ կարծում, որ արդեն որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը, ընդհանուր առմամբ սա է, Արցախը պինդ է, կանգուն է», - ասաց Բաբայանը:

Հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ, հայտարարել էին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ տարածեց, հայտնելով, որ Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է ադրբեջանական կողմը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական Երևանից այսօր հայտարարեցին՝ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին պարտադրելու խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ ու գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ։

Արտգործնախարարությունից ավելի ուշ էլ հաղորդեցին, որ զինադադարի պայմանավորվածությունից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար, սակայն, ըստ հայկական կողմի, պաշտոնական Բաքուն կտրականապես մերժել է այդ առաջարկը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, կողմերի հետ քննարկումները շարունակվում են, միևնույն ժամանակ շեշտում՝ մտահոգված են շարունակվող ռազմական գործողություններով:

«Մենք պատրաստակամ ենք աջակցելու այս կարևորագույն և արդեն հրատապ մարդասիրական գործողությանը, սակայն շատ մտահոգված ենք՝ տեսնելով հաղորդագրություններ ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ: Իհարկե, այս իրավիճակն էլ ավելի մահեր և վիրավորումներ է բերում և ցավոք չի ապահովում անհրաժեշտ անվտանգությունը, որպեսզի այս մարդասիրական կարևոր գործողությունը տեղի ունենա», - նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:

Վիրավորների ու դիերի փոխանցման անհրաժեշտություն մասին նաև Հայաստանի առողջապահության նախարարությունն է բարձրաձայնում։ Առողջապահական գերատեսչությունից համաճարակի բռնկման սպառնալիքի մասին են ահազանգում ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջաններում, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրներում, մասնավորապես Իրանում։

Հայկական կողմն այսօր հրապարակել է զոհված ևս 77 զինծառայողի անուն։ Արցախի պաշտպանության բանակը մինչ այս պահը հաղորդել է 710 զինծառայողի մահվան մասին։ Ադրբեջանական կողմն իր զինվորների կորստի մասին չի հայտարարում։ Պատճառաբանում են, թե «ռազմական գաղտնիք» է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG