Արցախի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի մասին «պայմանավորվածության կոպտագույն խախտումը», որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Այս մասին Արցախի արտգործնախարարությունը նշել է իր հայտարարության մեջ:
Ըստ կառույցի` ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. «Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը:
Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում», - նշում է Արցախի արտգործնախարարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Չնայած սրան կողմերն արդեն հայտարարել են զինադադարի խախտումների մասին: