Մատչելիության հղումներ

Չդադարող հրթիռակոծությունները չեն ստիպում շատ բնակիչների հեռանալ Ստեփանակերտից


Հումանիտար հրադադարի երկրորդ օրն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հարաբերական անդորր է` ի տարբերություն առաջին գիշերվա, երբ քաղաքը հրթիռակոծվել էր, և խաղաղ բնակչության շրջանում Արցախում 5 զոհ կար: Գիշերվա ընթացքում մի քանի անգամ օդային ազդանշան է հնչել, սակայն պայթյունի ձայներ, հրթիռակոծություն չի եղել: Առավոտյան «Ազատության» հետ զրույցում ապաստարաններից դուրս եկած բնակիչները նշում էին, որ վստահություն չունեն, գիշերները շարունակելու են մնալ ապաստարաններում:

Հենց «Ազատության» նկարահանման ընթացքում էլ օդային ազդանշանը դարձյալ աշխատեց:

«Մի քիչ հանգիստ է, բայց ամեն գիշեր մինչև երեկ խփում էին, նկուղներից չէինք կարողանում գլուխներս բարձրացնել: 12:05 րոպե խփել են, - ասում է տեղացիներից մեկը` միաժամանակ հավելելով` Ստեփանակերտից չեն հեռանում, - ո՞ւր գնամ, բա երեխեքս, թոռնիկներիս հանել եմ, զանգում են` լավ են...»:

«Ի՞նչ հրադադար, ոչ մի հրադադար էլ չկա, ձևական բնույթ է կրում, հակառակորդը նենց մարդիկ են, որ… մեր պատմությունից որ նայում եք` իրենց երբեք չի կարելի հավատալ», - նշում է տեղացիներից մյուսը:

Ստեփանակերտցիները վստահ են` այստեղ են շարունակելու բնակվել, հաղթանակ են ունենալու. - «Կարողանանք իրականում կանգնեցնել այս պատերազմը, որովհետև մեր երիտասարդությունն է կորում, զոհվում են: Փոքր ազգ ենք, պիտի էնպես անենք, ապրենք»:

Ապաստարաններում գտնվող կանանցից մեկն էլ ասում է. - «Գենոցիդ է, խաղաղ բնակիչներին ջնջում են, քանի տարի ա` թուրքը հային ջնջում ա: Մեր նպատակն է խաղաղություն, խաղաղություն, ուրիշ նպատակ չունենք»:

XS
SM
MD
LG