Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են, չնայած մարդասիրական հրադադարի՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշեր իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել:
Հայկական կողմից առավոտյան հայտնեցին, որ Ադրբեջանն ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը, ակտիվություն է դրսևորվել նաև հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններում:
Lայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են Հադրութի հատվածում։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարել էր, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է Հադրութը։ Հայկական կողմից ոչ միայն բանավոր հերքեցին տեղեկությունը, այլև տեղում արված տեսանյութեր հրապարակեցին։ Արցախից հայտնում են՝ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ մեծ թվով ուժեր է կենտրոնացրել։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք:
Արցախի պաշտպանության բանակից էլ մանրամասնել են, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունը։ Միևնույն ժամանակ պաշտպանական գերատեսչությունից հերքել էին ադրբեջանական կողմից տարածվող այն տեղեկությունները, թե Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ նահանջող պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ:
Արցախից պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդմաները գնդակահարել են առնվազն 4 քաղաքացիական անձի։ Արցախի պաշտպանական գերատեսչությունից էլ հայտարարել էին, որ հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։
Բաքուն էլ իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական բնակավայրերը թիրախավորելու համար։
Հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնելով՝ ակտիվ հանդիպումներ է ունենում աշխարհազորի հետ. ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավվում են պայքարի մեջ։
Կեսօրից հետո հայկական կողմը հաղորդեց, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են մեկ Սու-25 գրոհիչ։
Չդադարող կրակի պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողանում աջակցել ռազմագերիների փոխանցման ու զոհվածների աճյունների դուրսբերման, վերադարձի գործողությունները: Սակայն կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնում է, որ կողմերի հետ քննարկումները շարունակվում են։
«Մենք հայտնել ենք և վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը ընդգրկվելու որպես չեզոք մարդասիրական միջնորդ այս գործողության մեջ, միևնույն ժամանակ տեսնելով երկու կողմից հաղորդագրություններ այն մասին, որ շարունակվում են հրետակոծությունները, շարունակվում են նաև թիրախավորվել քաղաքաբնակ վայրեր, մարդիկ են շարունակում տուժել, սա չի տալիս մեզ հնարավարություն ընդգրկվելու որևէ մարդասիրական գործողության մեջ», - նշեց Ամատունին:
Նման պայմանավորվածություն անցած շաբաթ Մոսկվայում ձեռք էին բերել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Ռուսաստանի միջնորդությամբ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտում հույս ունեն, որ հնարավորություն կընձեռնվի մարդասիրական առաքելության համար։
Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման դեպքում Արցախը պատրաստ է մարդասիրական գործողություններ իրականացնել, այս մասին էլ ասված է Արցախի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ։
Զառա Ամատունին պարզաբանում է, որ կազմակերպության ներկայացուցիչները չեն ներգարվվելու բուն գործողություններում. «Պրոցեսը կարգավորվելու և կազմակերպվելու է կողմերի ուժերով, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ մասնակցելու է գործընթացին իր տեխնիկական աջակցության, ուղեկցման և դրանից հետո իր աջակցությունը տրամադրելու, օրինակի համար, մարմինների նույնականացման հարցում, նույնպես տրամադրելով մասնագետներին տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն»:
Պաշտպանության բանակը այսօր հրապարակեց ևս 96 զոհված զինծառայողի անուն։ Հայկական կողմը մինչ այս պահը հաղորդել է 525 զոհի մասին։ Ադրբեջանական կողմը շարունակում է լռել իր կորուստների մասին՝ պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։