Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում բազմահազարանոց ցույց է անցկացվել` ի աջակցություն Արցախի


Ավելի քան 100 հազար ցուցարար երեկ Լոս Անջելեսում մասնակցել է «Արցախը հարձակման տակ է. խաղաղության երթ» կարգախոսով բողոքի ակցիային։ Պատերազմի մեկնարկից հետո սա օվկիանոսից այն կողմ կազմակերպված հայերի ամենամասշտաբային միջոցառումն էր` ի աջակցություն Արցախի։

Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»։ Երթը հասել է Բևեռլի Հիլզում գտնվող Թուրքիայի հյուպատոսություն, որտեղ էլ մասնակիցները դատապարտել են Թուրքիայի աջակցությունn Ադրբեջանին Արցախում արդեն 16 օր ընթացող պատերազմին։

«Մենք քայլում էինք դրոշներով, փաթաթված, հայերով», - ասում է ցույցի մասնակից Սամվել Հովհաննսիյանը, ով քիչ առաջ է վերադարձել տուն, Ամերիկայի ժամանակով կեսգիշերն անց։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայաստանից հեռու ապրող հայերին շատ դժվար է հեռվից նայել պատերազմին, ու այսօր, երեկ ու վաղը փողոց դուրս եկած ամերիկաբնակներն այս ակցիաների միջոցով ոչ միայն աշխարհի ուշադրությունն են փորձում գրավել, այլ նաև միմյանց լիցք, ուժ փոխանցել. - «Մեզ համար կարևոր էր, որ մենք իրար նայեցինք, մենք իմացանք, որ հայրենիքի դժվարության պահին այդքան մարդ կա, որ պատրաստ է ինչ-որ մի բան անել: Մենք այստեղ ձեզ հետ միասին մտածում ենք` ինչպես, ինչ տեխնոլոգիա կիրառենք, ինչ անենք, որ ավարտվի այս սարսափը, որ տիրում է մեր հայրենիքի հանդեպ»:

Ոչ հայեր էլ էին մասնակցում այս միջոցառմանը, նրանց թվում՝ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր պատիվ ունեցա կանգնելու ու իմ համերաշխությունը հայտնելու Լոս Անջելեսում հավաքված հազարավոր հայերի՝ դատապարտելու ադրբեջանական և թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ»։ Ի դեպ, նա գրառմանը կցել է նաև #ArtsakhStrong հեշթեգը։

Հնչել են ելույթներ, երաժշտական կատարումներ, հետո էլ երթ։ Ոստիկանության հետ միջադեպեր տեղի չեն ունեցել, թեպետ մի քանի գլխավոր պողոտաներ էին փակված։

«Լոս Անջելեսում հավաքվել էր մի հատ մեծ Սասունցի Դավիթ, որ պատրաստ էր պայքարել, և կարծում եմ` այդ հավաքի էներգիան կդառնա գործնական մի բան, որովհետև մենք բացի նրանից, որ գումար ենք ուղարկում, կարող ենք Ամերիկայից ուղարկել տեխնոլոգիա, մեր մասնագետներն աշխատում են Boeing-ում, ամենալավ կազմակերպություններում: Եվ մենք բոլորս կֆինանսավորենք այդ տեխնոլոգիայի տեղաշարժը դեպի Հայաստան ու Հայաստանը կսարքենք ավելի ուժեղ տեխնոլոգիայի իմաստով, պաշտպանական և մնացած առումներով», - նշում է Սամվել Հովհաննիսյանը:

Հատուկ այս միջոցառման համար Դալասից Լոս Անջելես էր հասել Աննա Խաչատրյանը. - «Ոչ միայն ես, իմ ընկերուհին Սիեթլից էր եկել, ուրիշ ընկեր ունեմ` Կանադայից էր եկել, բոլորը հավաքվում են, բոլորը գալիս են»:

Ընդգծում է, որ այս անգամ ոգևորիչ էր նաև, որ ի վերջո ամերիկյան լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում էին երթը. - «Մի փոքր ավելի ողջունելի է այսքան` 14 օրվա լռությունից հետո»:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էլ շաբաթվա վերջին մեծ միջոցառում էր։ Հերթականը՝ պատերազմի մեկնարկից ի վեր. - «Հայության առաջին նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ` ով է ագրեսոր, և ով է այնտեղ կռիվ անում, ով է այնտեղ տեռորիստներ բերում»: «Ազատության» հետ զրույցում գերմանաբնակ Մարատ Օգանեսյանը պատմեց՝ տարբեր քաղաքներից ամեն շաբաթ հավաքվում են մայրաքաղաք Բեռլինում, ու միջոցառումը միայն ելույթներով չի ավարտվում. - «Ու որոշեցինք սկզբից լավաշ տալ մարդկանց ու հետո խնդրել, որ նրանք փող տան, ոչ թե վճարեն, բայց ինչքան ամեն մեկն ունի: Հետո լավաշը երբ վերջացավ, որոշեցինք ամեն մեկին մոտենալ ու խնդրել, որ փողը հավաքեն հավաքեն առանց լավաշի»:

11 հազար եվրո միայն մի միջոցառումից է հավաքվել ու ուղղվել Համահայկական հիմնադրամին։ Ասում են՝ սա շարունակական բնույթ է կրելու, մասնակիցների թիվն ամեն հավաքին ավելանում է. - «Մենք ուզել էինք բոլոր համայնքների հետ, ոչ թե միայն հայկական համայնքների հետ համագործակցենք, բայց շատ կարևոր էր, որ հունական համայնքը, քրդական, եզիդական համայնքը, բոլորը մեզ օգնել են: Նաև եթե մեկ երկիրը օֆիցիալ մեզ չի օգնում, դա չի նշանակում, որ այդ համայնքները մեզ չեն օգնում: Սա շատ կարևոր բան է: Մի օր նրանք իրենց կարծիքը կփոխեն, ու սա մեր գործն է, մեր, որ ապրում ենք Գերմանիայում, ուրիշ երկրներում, սա մեր գործն է, որ նրանք իրենց կարծիքը փոխեն»:

Գերմանիայում կա թուրքական մեծ համայնք, հայկական ցույցերին միջամտելու, խանգարելու փորձեր եղել են, բայց ինչպես ասաց զրուցակիցս՝ սա ապրելու պայքար է. - «Երբ արդեն սենց հարց եղավ, որ մենք ապրելու ենք, թե չենք ապրելու, արդեն վախենալ-չվախենալ սա սենց բան չի»:

Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լեհաստանում, Դանիայում, Սլովակիայում, Չեխիայում, Շվեյցարիայում և այլուր օրեր շարունակ հայկական համայնքը ակտիվորեն բարձրացնում է իր ձայնը՝ հանուն խաղաղության։

XS
SM
MD
LG