Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը ղարաբաղյան նոր պատերազմի մասին


Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հայ հրետանավորը, 2 հոկտեմբերի, 2020թ.
Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հայ հրետանավորը, 2 հոկտեմբերի, 2020թ.

Գլոբալ լիդերի բացակայությունը նպաստում է «սառեցված կոնֆլիկտների բորբոքմանը»

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված նոր պատերազամին, Լոնդոնում հրատարակվող The Economist-ը «Ղարաբաղյան դասերը» խորագրի ներքո գրում է, թե սպանվել են հարյուրավոր մարդիկ, երկնքում սավառնող անօդաչուները մահ ու կրակ են սփռում:

Սա մի հեռու երկրամասում փոքրիկ պատերազմ չէ, այն օրըստօրե սաստկանում է, կարող է ներգրավել գերտերություններին և դառնալ էլ ավելի արյունալի ու գարշելի:

The Economist-ը նշում է, որ «նախևառաջ Ամերիկան» Դոնալդ Թրամփի հռչակած հայտնի կարգախոսը համաշխարհային լիդերության տարածքում առաջացրել է պարապ, որը հանգեցնում է տեղական կոնֆլիկտների բորբոքմանն ու ընդարձակմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս պատերազմն ընկալում է որպես տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ մահմեդական աշխարհի առաջնորդի դերում հաստատվելու միջոց:

Ռուսաստանն առայժմ լռելյայն համակերպվում է, բայց դա գուցե երկար չտևի: Խիստ անհանգստացած է Իրանը, կա նաև ռազմաճակատից ոչ հեռու անցկացված էներգակիրներ փոխադրող խողովակաշարերի անվտանգության հարցը:

Կոնֆլիկտը կարգավորելու մեխանիզմները չեն գործում, խոչընդոտներից մեկն էլ աշխարհի բնականոն կյանքը խաթարող կորոնավիրուսի համավարակն է, որն էլ ավելի է դժվարացնում դիվանագետների աշխատանքը:

Եվ այնուամենայնիվ թիվ մեկ խնդիրն, ըստ Economist-ի, այն է, որ չկա գլոբալ լիդերություն, 1994-ին Ամերիկան և Ռուսաստանը կարողացել են զսպել պատերազմը, անցյալում ԱՄՆ նախագահները ժամանակ և ջանք գործադրել են, փորձելով զսպել պատերազմները Կովկասում, բայց Թրամփը նույնիսկ կորոնավիրուսով վարակվելուց առաջ մեծ հետաքրքրություն չի դրսևորել:

Վլադիմիր Պուտինն էլ այսօր ավելի շատ զբաղված է ներքին խնդիրներով և մինչև որոշակի սահման պատրաստ է հանդուրժել Էրդողանի «չարաճճիություննները»: Պուտինին ձեռնտու է ցանկացած հանգամանք, որը կարող է տարաձայնություններ առաջացնել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մնացած անդամների միջև:

Աշխարհում մեծ է սառեցված կոֆլիկտների թիվը, դրանց հիմքում կան պատմական, տարածքային կամ այլ հանգամանքներ: Ողբերգությունն այն է, որ այդ հակամարտությունները ցանկացած պահին կարող են տաքանալ ու պայթել:

Մի աշխարհում, որտեղ դեմոկրատական գերտերությունը կենտրոնացել է ներքին հարցերի վրա և ուշադրությունը շեղել է այլ թեմաներից՝ շատ դժվար է կանխել պատերազմները:

«Ադրբեջանը ձախողվել է Blitzkrieg իրականացնելու հարցում»

Այս կոնֆլիկտին են անդրադառնում նաև ռուսաստանցի վերլուծաբանները: Վերլուծաբան Սերգեյ Մարկոդոնովի փոխանցմամբ, «Բաքուն ձախողվել է Blitzkrieg (կայծակնային պատերազմ) իրականացնելու հարցում և այս վիճակից պետք է փորձի դուրս գալ նվազագույն հանրային-քաղաքական կորուստներով:

Բայց հայկական կողմի համար էլ դժվար վիճակ է, քանի որ այդ կարգի ավերածություններ 90-ականների պատերազմից ի վեր չի եղել:

«Պատերազմի երկարաձգումը Հայաստանին ձեռնտու չէ, պետք է գտնել այն դադարեցնելու հնարավորություններ, սակայն նույնիսկ եթե կարգավորումը շարունակվի դիվանագիտական ճանապարհով, վերադարձ պատերազմին բացառել չի կարելի, այս երկու շաբաթում կողմերի դիրքորոշումներում մերձեցում չի եղել, ընդհակառակը՝ փոխադարձ դառնությունը միայն ավելացել է», - կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբանը:

Միջազգային ինստիտուտները և իրավունքը տկար վիճակում են

Արդյո՞ք կարող է Ամերիկան կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը վերնագրած հոդվածում The National Interest պարբերականը նշում է, որ աշխարհում միջազգային ինստիտուտները և իրավունքը հիմա տկար վիճակում են:

Եթե մեծ տերությունները նախկինում ղեկավարվել են վարվելակերպի որոշակի նորմերով՝ այսօր արդեն գործում են իրենց ցանկության համաձայն և ներքաշվում են տարբեր արկածախնդրությունների մեջ:

Այդպես Ռուսաստանը 2008-ին ներխուժել է Վրաստան, 2014-ին բռնազավթել է Ղրիմը, Չինաստանն ընդարձակում է ազդեցությունը Հարավչինական ծովի տարածաշրջանում, Իրանը Եմենից Իրաք, Սիրիայից Լիբանան շիաների դաշինք է կայացնում, Սաուդյան Արաբիան միջամտում է Եմենի հարցերին, Թուրքիան սատարում է Սիրիայի և Լիբանանի գրոհայիններին, այդ ցանկը կարելի է շարունակել:

2019-ին Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «աշխարհում գերակայող է դառնում ուժեղի իրավունքը, հետևաբար, երկիրը դրան պետք է պատրաստվի»:

The National Interest-ը նշում է, թե այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ իր արդյունավետությունը չի ապացուցել, հստակ ձեռքբերումներ չի ապահովել:

The Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականի վերլուծաբան Ռայնհարդ Ֆեզերն էլ կարծիք է հայտնում, որ Ռուսաստանի ազդեցության լծակները Ղարաբաղի հարցում թուլանում են, բանալին Մոսկվայի ձեռքում չէ, Թուրքիայի մասնակցությունը և Միացյալ Նահանգների կրավորական կեցվածքն էլ ավելի են սրում էսկալացիան:

Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցությունը կկարողանար մեղմել վիճակը, սակայն Միացյալ Նահանգներն այս գործընթացից հեռու է մնում:

Փորձագետի կարծիքով, Ղարաբաղի խնդիրը ռազմական ուժով լուծելն անհնար է հենց այն պատճառով, որ հայ-ադրբեջանական պատերազմը աշխարհագրությունը սահմանափակվում է Լեռնային Ղարաբաղի և դրան հարող շրջանների տարածքով:

«Կոնֆլիկտն այնպիսին է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել լիակատար առավելության և հակառակորդին ստիպել ճանաչել պարտությունն ու դա գրանցել համապատասխան պայմանագրով», - գրել է Ֆեզերը:

Հավանաբար, Մոսկվան հույս ունի, որ այս կոնֆլիկտն ինքն իրեն ինչ-որ եղանակով կսպառվի և գոնե դուրս չի գա այդ շրջանի սահմաններից:

«Տեսականորեն կա մի ուժ, որն ի զորու է մարել կամ գոնե թուլացնել կրակը, դա Միացյալ Նահանգներն է: Նախկինում ռուսներն ու ամերիկացիները՝ չնայած բազում տարաձայնություններին, գոնե այդ հարցում գործակցել են և կանխել են էսկալացիան, բայց հիմա ԱՄՆ այդ գործընթացում չկա», - կարծիք է հայտնում գերմանացի վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG