Մատչելիության հղումներ

Մոսկվայում 6 ժամից ավելի է` ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը


Մոսկվայում մեկնարկեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:

Սրանք ղարաբաղյան պատերազմը սկսելուց ի վեր առաջին բանակցություններն են, որոնց մասնակցում է պաշտոնական Երևանը, և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների դեմ առ դեմ առաջին հանդիպումը:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ այսօր Մոսկվա մեկնելու մասին «Ազատությանն» ավելի վաղ հայտնել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Երեկ երեկոյան պատերազմող կողմերին հատուկ կոչով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կեսգիշերին մոտ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի կոչը՝ մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հայտարարել՝ գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար: Պաշտոնական Մոսկվան չի օգտագործում բանակցություններ տերմինը՝ դրանք կոչելով խորհրդակցություններ:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր որոշ մանրամասներ է հայտնել, մասնավորապես, որ Վլադիմիր Պուտինը երեկ մինչ ուշ երեկո շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, լուրջ աշխատանք է արել, որի արդյունքում էլ հրապարակվել է հրադադարի ու Մոսկվայում արտգործնախարարների հանդիմուն անցկացնելու մասին կոչը:

Պեսկովի խոսքով, Ռուսաստանի նախագահը չի նախատեսում հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Հարցին՝ արդյոք կլինի՞ հրադադար, Կրեմլի խոսնակը դժվարացել է պատասխանել:

Պուտինը իրավիճակը Ղարաբաղում և ընդհանրապես Հարավային Կովկասում քննարկել է Անվտանգության խորհրդի նիստում:

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ֆրանսիայի նախագահի վարչակազմը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կարող են պայմանավորվել հրադադարի մասին արդեն այսօր երեկոյան կամ վաղը: Այս մասին, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին, գրել է France Press գործակալությունը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Էմանյուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան և ուրբաթ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սրա հետ մեկտեղ France Press-ի աղբյուրը հայտնել է, որ այժմ աշխատանքներ են տարվում արդեն առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Ժնևում արդեն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումն անցել էր, ինչպես ռուսաստանցի լրագրողներն են գրել, կատարյալ գաղտնիության պայմաններում:

Արդյոք այս խորհրդակցություններով մեկնարկ է տրվում Մոսկվայի նախաձեռնած եռակողմ բանակցությունների գործընթացին, հայտնի չէ, սակայն հստակ է, որ Մոսկվան նկատելիորեն ակտիվացել է: Երկու օր առաջ ղարաբաղյան պատերազմի մասին առաջին անգամ խոսել է Ռուսաստանի նախագահը՝ անվանելով այն «ողբերգություն»: Նա նաև շեշտել էլ, որ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում ապրում են Ռուսաստանի համար ոչ օտար մարդիկ:

XS
SM
MD
LG