Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը ջնջել է Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ օգտահաշիվներ և էջեր


Ավելի քան մեկ տարի տևած հետաքննության արդյունքում Ֆեյսբուքի ղեկավարությունը ի վերջո ջնջել է Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ էջեր, որոնց գործունեության թիրախում երկրի ընդդիմությունն էր, հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Սոցիալական ցանցի նախկին աշխատակիցը պնդում է, որ Ֆեյսբուքի ղեկավարությունը տեղյակ էր Ադրբեջանում շարունակվող այդ վտանգավոր գործունեության մասին, սակայն աչք է փակել դրա վրա։

Ֆեյսբուքի տվյալների բազայի նախկին վերլուծաբան Սոֆի Ժանը, ով անձամբ էր համակարգում այդ հետաքննությունը, ամերիկյան լրատվամիջոցներին պատմել է, որ ժամանակին իր ղեկավարությանը հորդորել է անհապաղ քայլեր ձեռնարկել ադրբեջանական իշխող ուժի հետ կապ ունեցող հսկայական թվով կեղծ էջերը և դրանց գործունեությունը կանխելու ուղղությամբ։ Սոցիալական ցանցի ղեկավարությունը, սակայն, խնդիրը լուծել է, ինչպես պնդում է Սոֆի Ժանը, ուշացումով, միայն վերջերս՝ ջնջելով հազար կեղծ օգտահաշիվ և 8 հազար էջ: Այդ էջերն ու օգտահաշիվները, ինչպես ասվում է Ֆեյսբուքի պաշտոնական հաղորդագրությունում, օգտագործվել են Ադրբեջանի նախագահի ընդդիմախոսների և անկախ լրատվամիջոցների դեմ մեկնաբանություններ տեղադրելու, ինչպես նաև Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությանը աջակցելու նպատակով։

Ֆեյսբուքի անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյչերի խոսքով՝ կեղծ օգտատերերի այդ ցանցը մեկնաբանություններ էր տեղադրում ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում, որպեսզի որոշակի հայացքներ ունեցողների նկատմամբ լայնորեն տարածված քննադատության և մյուսների աջակցության տպավորություն ստեղծեն: Այդ մեկնաբանությունները հիմնականում վերաբերում էին ներքին և տարածաշրջանային իրադարձություններին, կառավարության ներկայացուցիչներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, ընդ որում, ինչպես նշվում է Ֆեյսբուքի պաշտոնական հաղորդագրությունում, դրանք համեմվում էին Իլհամ Ալիևի և նրա գլխավորած քաղաքական ուժի գովաբանությամբ։

Ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների ցանցը ադրբեջաներեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով կոշտ քննադատական մեկնաբանություններ էր տարածում ընդդիմության, ընդդիմադիր առաջնորդների հասցեին, մեղադրում նրանց դավաճանության մեջ և հերքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:

Ադրբեջանում համացանցը հասանելի է 8 միլիոն մարդու համար, նրանցից 3 միլիոնը ներկայացված են սոցիալական ցանցերում:

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանի կառավարությունը երկրի տարածքում սահմանափակեց համացանցի մատակարարումը՝ այդ քայլը պատճառաբանելով «Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների կանխարգելմամբ»։ Ինտերնետ կապը սահմանափակելուց բացի երկրում արգելափակվեցին նաև մի շարք սոցիալական ցանցեր՝ այդ թվում Ֆեյսբուքը, Թվիթերը, WhatsApp-ը, Telegram-ը, անգամ Սկայպը։

Թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համառորեն պնդում է, թե իր առաջնորդած երկրում համացանցն ավելի քան ազատ է, անկախ կառույցների ուսումնասիրությունները միանգամայն հակառակ պատկերն են նկարագրում։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը համացանցի ազատության սանդղակում Ադրբեջանը դասել է վատթարագույն երկրների ցանկում։ Անցած տարվա ուսումնասիրությունները վկայաբերելով՝ իրավապաշտպան կառույցը նշում է, որ Ադրբեջանում ինտերնետ կապը պարբերաբար տեխնիկական խնդիրներ է հարուցում, իշխանությունները մշտապես արգելափակում են այս կամ այն կայքէջեր կամ հավելվածներ, վերահսկվում են ինտերնետ կապի մատակարարները, գոյություն ունի բովանդակության գրաքննություն կամ դրա դիտավորյալ շահարկում, խախտվում են օգտատերերի իրավունքները՝ նրանք կարող են ընդհուպ ազատազրկման դատապարտվել համացանցում արված գրառումների համար:

Ադրբեջանում համացանցը վերահսկելու ուղղությամբ իշխանություններն արդեն իսկ որոշ կոշտ քայլեր արել են՝ ընդունելով սոցիալական ցանցերի և բլոգերների գործունեությունը վերահսկող օրենսդրությունը, որն, ինչպես պնդում են Բաքվի գործընկեր եվրոպական կառույցները, խախտում է 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելու նախաշեմին Ադրբեջանի վավերացրած Կամարտահայտման ազատության մասին կոնվենցիան: Այդ օրենքի օգնությամբ Իլհամ Ալիևի վարչակազմը երկրում արգելափակել է կառավարությանը չենթարկվող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, Բեռլինում տեղակայված «Մեյդան TV»-ն:

Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է նաև մեկ այլ աղմկահարույց օրինագիծ, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում երկրի նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է դրամական խոշոր տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG