Նոր Նորքի բնակիչ, ազգությամբ էստոնացի Ֆելիքս Բուրմանն առաջնագիծ է մեկնում վրձիններով ու ներկերով` վստահ, որ մարտի դաշտում էլ արվեստի համար ժամանակ կգտնվի. - «Նկարելու եմ իմ ընկերներին, նվիրեմ իրանց, որ հիշեն»:
Պատերազմին անծանոթ չէ, ասում է, որ շատ ազատամարտիկներ իրեն ճանաչում են: Արցախյան պատերազմին է մասնակցել, ապա ապրիլյանին: Հայաստանում է ապրում չորս տասնամյակից ավելի, հայի հետ ամուսնանալուց հետո:
Ֆելիքս Բուրման. – «Տանը թողել եմ իմ կնոջը, երեք տղա, մի աղջիկ, հինգ թոռ»:
66-ամյա էստոնացու Արցախ մեկնելը զինկոմիսարիատում չեն ողջունել, բայց կամավորագրվել է ու պնդել: Առավոտից սպասում է, հույս ունի, որ իր անունն էլ կհնչի. – «Ես եմ գրվել, չէին տանում: Ես գրել եմ տվել և գնում եմ որպես սպա»:
Սուրեն Գեւորգյանն էլ կամավորների թվում է, զորացրվել է չորս տարի առաջ, բայց կարծում է, որ այսօր էլ անելիք ունի. – «Զորահավաքի մասին լսել եմ, անմիջապես ներկայացել եմ զինկոմիսարիատ: Նորից պատրաստակամ գնում եմ մնացածը, ինչ որ չեմ հասցրել էն ժամանակ անեմ, հիմա լրացնեմ»:
Արսեն Հարոյանն այստեղ է զինկոմի կանչով։ Նրան առաջնագիծ է ճանապարհում քույրը, որը հուզմունքը չէր կարողանում զսպել, հեռվում արտասվում էր։
Հանրապետությունում զորահավաքը սկսվել է պատերազմի առաջին իսկ օրից։ Զորակոչվում են պահեստազորում հաշվառված սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան քաղաքացիները։ Նույնսիկ նրանք, որ զորացրվել են ամիսներ առաջ։ Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանն ասաց 20-55 տարեկան պահեստազորայինները պետք է զորքերում համալրվեն, իսկ առաջնագիծ մեկնողների ցանկը որոշվում է զորամասում. - «Մենք զորքերը համալրում ենք զորքերի համալրման պահանջով: Որ զորամասը մարտական խնդիր ա լուծում, առաջնագիծ ա գնում, որը պիտի հետագայում լուծի էդ առաջնագծում խնդիրը, հետո ա գնալու: Բայց բոլորը պիտի համալրեն զորքերը»: Ըստ Ավթանդիլյանի պահեստազորայիններին կանչելիս առաջնորդվում են նաև այս պահին զորքերին անհրաժեշտ մասնագիտություների պահանջարկով. – «Նաև մասնագիտությամբ ենք կանչում. զորքերի պահանջարկ ա մեզ տրվում համապատասխան մասնագիտության: Էդ մասնագետները որ մեզ պետք ա, կանչում ենք»:
Զորահավաքային զորակոչի ենթակա չեն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվածները, չորս և ավելի երեխա ունեցողները, պատգամավորները և մի շարք այլ պաշտոնյաներ:
Ռազմական դրության ժամանակ զորակոչից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ չորսից ութ տարի ժամկետով:
Զորահավաքի երրորդ օրն է, զինկոմիսարիատներ մարդկանց հոսքը չի դադարում, շատերը զինկոմի կանչին չեն էլ սպասում, կամավոր են ներկայանում։ Շարժվելու հրամանին է սպասում նաև մեկ տարի առաջ զորացրված Վահե Մարգարյանը։ Կամավոր է։ Նկարահանվելու, խոսելու ցանկություն չունի:
Տիկին Գոհարը որդուն է ճանապարհում, նրան զինկոմիսարիատից են կանչել, ամուսինն էլ կամավորների թվում է։ Փորձում է լավատես լինել, բայց անհանգիստ է, վախենում է տնից երրորդն էլ մեկնի. – «Երկուսն են գնում: Վախենում եմ երրորդն էլ գնա»:
Արսեն Սարխոշյանի հասցեով զինկոմից ծանուցում չի եկել, բայց շտապում է հասնել մի քանի ամսվա զինվորական որդուն։ Քրոջ որդին էլ է Արցախում ծառայում։ Կամավորագրվել է, անհանգիստ է. – «Ժամանակին ծառայել եմ: Ավելի շատ փորձ ունեմ, քան էս երեխաները: Ավելի լավ չի՞ գնանք, իրանց կողքը լինենք, ինչով պետք ա օգնենք»:
Երկու օր է զորակոչի հերթի մեջ սպասող Աշոտ Հայրապետյանը բարկացած է։ Ցանկանում է Արցախ մեկնել, բայց փաստաթղթային քաշքշուկի պատճառով ձգձգվում է։ Ասաց, թե դեռ պատերազմից երկու ամիս առաջ է Քարվաճառում պայմանագրային ծառայության անցնելու համար փաստաթղթեր ներկայացրել, որոնց թվում զինգրքույկն է եղել, մինչև հիմա պատասխան չի ստացել։ Այս պահին զինգրքույկ չունի, զինկոմից էլ ասում են, թե լարված են, իր փաստաթղթերով այս պահին զբաղվելու ժամանակ չունեն։
Պատերազմական զորակոչին անմասն չեն նաև փոքրիկները։ Ժամեր շարունակ պապիկի ու մայրիիկի հետ զորակոչին հետևում էր նաև Յաննան, հորեղբորն էր ճանապարհում։
Եղբորը ռազմաճակատ ուղարկող Մարիամ Կարապետյանը հուզմունքը չկարողացավ զսպել։ Չթաքցրեց՝ մտահոգ է, որ մանկահսակ երեխաներ ունեցող եղբայրը կամավորագրվել է. – «Եթե ասեմ ուրախ եմ, որ գնում ա, սուտ կլինի: Բայց միանգամայն վստահորեն ասում եմ` ես հպարտ եմ...»
Վաղ առավոտից մինչև ուշ երեկո հանրապետության զինկոմիսարիատները բազմամարդ են, մարդիկ հեռանում են պատերազմ մեկնողների վերջին ավտոբուսը ծափերով ու բարեմաղթանքներով ճանապարհելուց հետո։