«Ազատություն». - Ի՞նչ է կատարվում այսօրվանից արդեն երկու ճակատներում` Արցախում և Հայաստանում:
Անդրանիկ Քոչարյան. – Ինչպես մնացած օրերի ընթացքում, այսօր էլ սկսվել է «բարի լույսը» հակառակորդի կողմից ուժգին հրետակոծությամբ, որը մեր զինված ուժերը կարողացել են դիմակայե,լ և հետագա գործողություններում այս պահի դրությամբ ոչ միայն դիմակայված են հարձակումները, այլ նաև ունենք որոշակի փոքր հաջողություններ ևս: Դիրքային առավելություններ ունենք հյուսիսում, բայց քանի որ մենք լայնամասշտաբ պատերազմական իրողության մեջ ենք, էստեղ արդեն դիրքերի առաջ կամ հետ գնալու մեջ չի խնդիրը: Խնդիրը որոշակի հաջողություններ արձանագրելն է հետագա հաջողությունները ամրապնդելու համար:
«Ազատություն». – Նաև խորհրդարանում այս միտքը հնչեց, որ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, հետո չլինեն խոսակցություններ, թե առաջ գնալու հրամաններ չեն եղել: Մյուս կողմից, պարոն Քոչարյան, դա մարդկային կյանքեր արժե, 18-20 տարեկան երիտասարդներ են զոհվում: Ձեր կարծիքով, այդ մինչև վերջը ո՞րն է, կամ, եթե ոչ, միջանկյալ ինչ-որ լուծում, որը գոնե կարող է այս անգամ թեկուզ մի քիչ երկարաժամկետ լինել:
Քոչարյան. – 1994-ից հետո նման մասշտաբի հարձակում հակառակորդը չէր նախաձեռնել: Ինքը, մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ ձեռք է բերում մեծաքանակ սպառազինություն, բավականին թանկ սպառազինություն, բայց կառավարման առումով ուներ խնդիրներ: ԲԱյց հիմա մենք տեսանք, որ ինքը երկար պատրաստվել է այս լայնածավալ պատերազմին և թատերաբեմում հայտնված Թուրքիան իր հրահրող կեցվածքով անընդհատ դրդում է Ադրբեջանին, որպեսզի ինքը իր սպառազինությունը կիրառի այն ծավալով, ոնց որ բերի այն տպավորությունը, որ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը գնում է վա-բանկ: Այսինքն` ուզում են լուծել ամբողջական ինչ-որ խնդիր տարածաշրջանում, որի ռիսկային մասը էնքան բարձր ա, որովհետև ոչ ոք չի կարող կանխատեսել ընթացքը և ավարտը: Որովհետև լայնածավալ պատերազմի ժամանակ ունենում ես հաջողություններ, անհաջողություններ, բայց վերջում հաղթում է նա, ով տրամաբանված, իր ուժերը կարողանում է ճիշտ կառավարել և վերջնամասում ինքն է հասնում այն դիրքերին, որոնք ամուր պահելու են այդ հաղթանակը: Հայաստանում առաջին անգամ մտցվեց ռազմական դրություն: Ռազմական դրությունը նշանակում է ֆիքսել, որ մենք գնալու ենք մինչև հաղթանակ: Էնպիսի պարտադրանք իրացնել, որ ունենանք շատ ավելի տևական խաղաղ ժամանակահատված:
«Ազատություն». – Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ առայժմ երկխոսության, հրադադար հաստատելու ինչ-որ եզրեր չկան...
Քոչարյան. – Մենք առայժմ կռվում ենք, բայց միջազգային հանրությունը նկատում եք` արդեն հանդես են գալիս հայտարարություններով, և Հայաստանին բացարձակ Ադրբեջանի նոր տարածքներ գրավելու կամ մեր անվտանգության գոտին ավելացնելու այս պահին խնդիր չկա: Բայց եթե անվտանգության գոտուց այն կողմ Ադրբեջանը, հետևելով Էրդողանի խրատներին, նոր կրակակետեր է բացում և ուզում է մեզ սպանել, մենք դատապարտված ենք այդ կրակակետերը վերացնել: Բնականաբար դրա արդյունքում կլինեն նաև անվտանգության գոտու խորության մեծացում: Եվ էդտեղ արդեն թող մտածեն, թե ով հրահրեց և ինչու այս արդյունքը եղավ: Եվ սա բացառիկ հնարավորություն է նաև Հայաստանի և Արցախի պետությունների համար վերջնականապես հաստատել խաղաղություն մեր տարածաշրջանում: Եվ ուզենք թե չուզենք, թուրքական պետության ղեկավարի այդ հիվանդոտ նպատակները պետք է ինչ-որ ձև արդեն սկսվի կանխվել: Գուցե հենց կանխման վայրը լինի Կովկասը: Եվ էստեղ ես ակնկալիք ունեմ, որ մեր գործընկերները` սկսած Ռուսաստանի Դաշնությունից, վերջացրած համանախագահող երկրների ղեկավարները, պետք է զսպեն պարոն Էրդողանի ախորժակը ամբողջ աշխարհը ապակայունացնելու առումով:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․