Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով հետևում է Լեռնային Ղարաբաղում երեկվանից ծավալված իրադարձություններին։ Դա պարզ դարձավ անցած գիշեր, երբ պատասխանելով Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներից մեկի հարցին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե իրեն զեկուցել են այս տարածաշրջանում ծագած ճգնաժամի մասին։

«Մենք ուշի-ուշով հետևում ենք այդ ամենին։ Դա հենց նոր է տեղի ունեցել։ Ես գիտեմ։ Ինձ տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացրել են երեկ և այսօր։ Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք ուստի կտենսենք՝ արդյո՞ք կարող ենք դադարեցնել [բախումները]», - հայտարարել է Թրամփը։

Կիրակի երեկոյան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությանն անդրադարձավ նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով էական կորուստներ են արձանագրվել։ Կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` որքան հնարավոր է արագ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար», - նշել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ հատուկ ընդգծելով, թե որևէ երրորդ կողմի ներգրավումը ղարաբաղյան հակամարտությանը կարող է էլ ավելի խորացնել ճգնաժամը։

Այն նույն ժամերին, երբ ԱՄՆ նախագահը խոսում էր Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողությունների մասին, իսկ Պետդեպարտամենտը Բաքվին և Երևանին կոչ էր անում վերջ տալ ռազմական գործողությունները, շփման գծում ստեղծված կացությանն անդրադարձավ նաև նախագահի դեմոկրատ թեկնածու նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Կոչ եմ անում անհապաղ կայունացնել իրավիճակը, վերականգնել հրադադարը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները», - նշել է Բայդենը, հավելելով, - «Միացյալ Նահանգները պետք է ջանքեր գործադրի հրադադարի գծի երկայնքով դիտորդների թվի ավելացման նպատակով, ինչպես նաև կոչ անի Ռուսաստանին վերջ տալ երկու կողմերին զենք մատակարարելու ցինիկ պահվածքին», - հայտարարում է նախագահության դեմոկրատ թեկնածուն։

Ինչպես և ամերիկյան Պետդեպարտամենտը, Բայդենը ևս հատուկ ընդգծում է ղարաբաղյան հակամարտությանը երրորդ կողմի մասնակցության անթույլատրելիությունը՝ նշելով. «Վտանգ է առկա, որ Լեռնային Ղարաբաղում ծագած բախումները կարող են վերաճել լայնածավալ տարածաշրջանային հակամարտության։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տարածաշրջանում գտնվող որևէ երրորդ կողմ չմիջամտի այս հակամարտությանը։ Բացի այդ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրավիճակի կայունացման ու բանակցությունների վերսկսման ուղիներ որոնեն»:

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողություններին են անդրադառնում նաև ամերիկացի օրենսդիրները։ Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ մասնավորաբար նշել է. «Միացյալ Նահանգները պետք է շուտափույթ կերպով սկսի համագործակցել Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ խաղաղության վերականգման և իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով, ինչը թույլ կտա ավելի մեծ թվով զոհերից խուսափել»:

Նա նաև ընդգծել է. «Ադրբեջանի ագրեսիան [հակամարտության կողմերի միջև] հավասարության նշան դնելու ձախողված քաղաքականության հետևանքն է՝ քաղաքականություն, որը շեղում է ուշադրությունը Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունից և չդադարող հարձակումներից»։

Հայամետ կոնգրեսականներից ևս մեկը՝ Ֆրենք Փալոնը, ընդհանրապես պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը համատեղ ադրբեջանական-թուրքական ագրեսիա է։

«Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծացնում էին թե՛ ռազմատենչ հռետորաբանության և թե՛ Արցախի ու Հայաստանի դեմ կիրառվող սադրանքների ծավալը։ Միացյալ Նահանգները բռնությունների դադարեցման գործում կարևոր դերակատարություն ունեն։ Մենք պարտավոր ենք արագորեն գործել պատերազմական այս ագրեսիային վերջ տալու նպատակով», - նշված է կոնգրեսական Ֆրենք Փալոնի հայտարարության մեջ։

Մեկ այլ ամերիկացի կոնգրեսական՝ Բրեդ Շերմանը, Twitter-ի իր էջում գրել է. «Մենք պարտավոր ենք դատապարտել այս ագրեսիան և կոչ անել Բաքվին վերջ տալ հարձակողական գործողություններին և վերադառնալ խաղաղ [բանակցությունների] սեղան։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, ինչպես նաև կոչ անենք Թուրքիային զերծ մնալ [Ադրբեջան] սպառազինություն կամ մարտիկներ ուղարկելուց»:

XS
SM
MD
LG