Մատչելիության հղումներ

ԱԺ-ն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն ընդունեց


Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին, ասված է հայտարարության նախագծում, որը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ:

Խորհրդարանի արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «ՀՀ ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության 2020 սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի, հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վտանգի չեզոքացմանը»:

Պատգամավորները հայտարարությամբ ընդգծել են, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որը կհանգեցնի տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը, անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

«Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանան միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել՝ մարդասիրության և մարդատյացության միջև:

Հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը», - ներկայացրեց Միրզոյանը:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, շեշտեց նաև՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի են ունենամ ռազմական հանցագործություններ: «Ցանկացած պատերազմական հանցագործություն ստանալու է իր արժանի պատասխանը, չկա այլ տարբերակ, չկա այլ լուծում: Սա է պայքարը մարդասիրության և մարդատյացության միջև», - հայտարարեց Վարդանյանը:

Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան եզդիական ջոկատ է ձևավորվել, որը պատրաստ է ցանկացած պահին մեկնել։

«Ի տարբերություն Ադրբեջանի, որ իր ազգային փոքրամասնություններին ստիպելով մղում է առաջնագիծ, և իրենց կորուստների 70 տոկոսը ազգային փոքրամասնություններն են, մենք Հայաստանում ինքնակամ ցանկանում ենք պաշտպանել մեր ընդհանուր սուրբ հողը», - նշեց Բաքոյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Մխիթար Հայրապետյանը կոչով դիմեց սփյուռքին՝ ասելով, որ այս պատերազմում հաղթանակի գրավականը լինելու 10 մլն հայերի համատարած ներգրավվածությունը՝ տարբեր ձևաչափերով:

«Եթե մտադիր եք գալ Հայաստան, կանգնել զինվորի կողքին, լինել թիկունքում, ապա գտեք ճանապարհ և եկեք, մենք ձեր կարիքը ունենք: Եթե ինչ-ինչ պատճառներով ցանկանում եք մնալ ձեր բնակության վայրերում, բայց մասնակիցը լինել այս պատերազմի, ապա տեղերում՝ ձեր երկրներում կարող եք լինել առաջնորդը այս պատերազմի: Եթե մտադիր եք նյութական օժանդակություն ուղարկել, ապա կարող եք օգտագործել Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարը, եթե ուզում եք աշխարհին ներկայացնել իրողությունը և ճշմարտությունը, համոզելու, որ մեր պայքարը ու կռիվը ազնիվ է ու արդար և ճշմարիտ, ապա լծվեք այդ գործին», - ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ թե՛ երեկ ռազմական դրություն հայտարարելու օրակարգով հրավիրված ԱԺ նիստը, թե՛ այսօրվանը զուգահեռ հեռարձակվեցին նաև ռուսերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։

XS
SM
MD
LG