Մատչելիության հղումներ

«Փորձում ենք ամեն ձևով, ամեն հարցով օգնել մեր զինվորներին»․ երևանցի կամավորական


Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների երրորդ օրը մայրաքաղաք Երևանն ակտիվ է: Բազմաթիվ քաղաքացիներ ինքնակազմակերպվել են` օգնելու առաջնագծում գտնվողներին:

Երևանի տարբեր հատվածներում մեծ արկղեր էին դրված «Զինվորի համար» գրությամբ: Մեկը սնունդ, մյուսը հիգիենայի պարագաներ, երրորդը ծխախոտ կամ հագուստ էր բերում: Արկղերը մեծ արագությամբ լցվում էին:

«Ընդամենը մի ժամվա ընթացքում ենք մենք էսքանը հավաքել: Մոտենում են, մարդիկ շատ ակտիվ մոտենում են: Աստծուց մենակ խաղաղություն եմ խնդրում մեր երկրին, մեր զինվորի բազկին` ուժ, մեր ժողովրդին` համբերություն, մեր էրեխեքը անփորձանք գան հասնեն իրենց ծնողներին», - ասաց կամավորականներից մի երիտասարդ կին:

«Հաղթելու ենք, մինչև վերջ գնալու ենք», - ասաց մի կին, ով առաջին անհրաժեշտության իրեր էր բերել:

Զինված ուժերի ղեկավարությունը հայտնում է, որ այս պահին սահման սնունդ ուղարկելու կարիք չկա: Հավաքվածներն ասում են, որ ուրախ են, որ այդպես է, բայց ցանկանում են ինչ-որ բանով օգտակար լինել. - «Փորձում ենք ամեն ձևով, ամեն հարցով մեր զինվորներին, մեր տղեքին, մեր ազգին ինչ-որ ձև հասնենք, ինչ-որ ձև օգնենք: Իմ կարծիքով, էս էլ ա շատ կարևոր, բայց էն, ինչ որ անում են մեր զինվորները, չենք կարա համեմատենք ինչ-որ բանի հետ: Շատ մարտական ենք տրամադրված, ամեն ինչի պատրաստ ենք»»

Մի խումբ ուսանողուհիներ զինվորներին նամակներ են գրում, որպեսզի տղաները զգան իրենց աջակցությունը. – «Գոնե էսպես կարողանանք ինչ-որ բան անենք, գրենք իրանց, որ մենք իրանց հետ ենք: Շատ կարևոր ա էդ: Որ կարդան, էդ պահին զգան... մենք աղջիկ ենք, բայց մենք հոգով-սրտով էնտեղ ենք, իրենց հետ ենք»:

Հանրապետության հրապարակի հարևանությամբ մի տեղում սնունդ ու այլ պարագաներ էին հավաքում: Մեկ այլ տեղում ցույց էր. երիտասարդ դաշնակցականները միջազգային կազմակերպություններից համարժեք գնահատական են պահանջում Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ:

«Մանավանդ էս համաճարակի ժամանակ շատ սխալ էր Ադրբեջանի արածը, և ամբողջ աշխարհի սուս մնալը շատ սխալ էր», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Ակտիվ են նաև սոցիալական ցանցերը. մարդիկ միմյանց տեղեկացնում են, թե որտեղ ինչ է կազմակերպվելու և ով ունի օգնության կարիք:

Զինվորականներին աջակցել ցանկացողներին իշխանությունները կոչ են անում դիմել տեղական ինքնակառավարման մարմիններ, որտեղից կհուշեն, թե ինչի կարիք կա:

XS
SM
MD
LG