Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են անում


Ֆրանսիան առաջնահերթ է համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը՝ ընդգծելով խորը մտահոգությունը հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Ֆրանսիայի արտգործնախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել երկխոսությունը», - ասվում է գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան իր գործընկերների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար միջազգային օրենսդրությանը համապատասխան», - նաև հայտարարում է պաշտոնական Փարիզը։

Կողմերին հրադադարի կոչով է դիմել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիայի դաշնային կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական բախումները գնահատում է «վտանգավոր իրավիճակ»,- այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը: Նրա խոսքով` Բեռլինը վճռականորեն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել և անհապաղ վերսկսել բանակցությունները:

XS
SM
MD
LG