Մատչելիության հղումներ

Նարեկ Սարդարյանի ընտանիքին չի բավարարում Ադրբեջանի պատասխանը


Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյան
Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյան

Ադրբեջանը լիարժեք չի պատասխանել հուլիսին իրենց մոտ հայտնված Հայաստանի քաղաքացի Նարեն Սարդարյանի վիճակի վերաբերյալ հարցերին, պնդում է Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է 30-ամյա Սարդարյանի հարազատների դիմումը հրատապ միջոց կիրառելու մասին, որով Ադրբեջանից պահանջում էին մանրամասն տեղեկություններ տրամադրել նրա գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին , ինչպես նաև` ապահովել նրա անվտանգությունը և կապը հարազատների հետ, եթե հարուցվել է քրեական գործ, ապա տրամադրել դրա վերաբերյալ նյութերը:

Արա Ղազարյան. – «Իրենց պատասխանը, որ նա ազատության մեջ է, որ նրան ստուգել են, առողջական վիճակը լավ է, որ նա չի ուզում վերադառնալ Հայաստան, որ նա հայցում է ապաստան Ադրբեջանի իշխանություններից: Հիմնականում սա են պատասխանել: Քրեական գործ չկա հարուցված... Էդ դեպքում հարց է բարձրանում` էլ ինչո՞ւ չեք ապահովում կապի հնարավորություն հարազատների հետ: Ասում են, որ նա գտնվում է զինվորական կայազորում: Կոնկրետ չեն ասում որտեղ, բայց բոլոր դեպքերում դա արդեն անազատություն է. զինվորական կայազոր պլյուս կապի իսպառ բացակայություն, դա արդեն անազատություն է»:

Ղազարյանի խոսքով, Ադրբեջանի պատասխանն ընդհանրական է և չի բավարարում Սարդարյանի ընտանիքին: Նրա կարծիքով, գործ ունենք հերթական լեգենդի հետ. – «Մեզ մինչև հոկտեմբերի 2-ը ժամկետ է տրված, որ մենք առարկություններ ներկայացնենք, և մենք պատրաստում ենք մեր առարկությունները: Ընդհանուր առմամբ ասեմ, որ Ադրբեջանի ներկայացրած բացատրության և իրենց իսկ կողմից ներկայացված փաստերի միջև հակասություններ կան»:

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում, կամ ուզում է երրորդ երկիր գնալ:

Օգոստոսի սկզբին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Սարդարյանին, տեղեկացել են պահման վայրի, առողջական վիճակի մասին, ինչպես նաև ընտանիքի համար նամակ են վերցրել: Իսկ թե ինչու ընտանիքի անդամների հետ մինչև օրս առանց միջնորդի կապ չի հաստատվել, այս հարցին, Ղազարյանի փոխանցմամբ, Ադրբեջանը չի պատասխանում ու հստակ բացատրություն չի տալիս:

Նարեկ Սարդարյանի ընտանիքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկում է: Նա կին, երկու փոքրիկ տղա, առողջական խնդիրներ ունեցող ծնողներ ունի: Սարդարյանի կինը` Հերմինե Առաքելյանը չի հավատում այն տեղեկությանը, թե ամուսինը չի ցանկանում գալ Հայաստան, կամ չի ուզում խոսել ընտանիքի հետ:

Առաքելյանը վստահ է, որ այն, ինչ փոխանցում է Ադրբեջանը, չի համապատասխանում իրականությանը. – «Նման բան մտքովս չի անցնում, որ էդ իրականությանը համապատասխանի: Որ Նարեկը չուզի գա իր ընտանիքի մոտ: Ունենք մեր փոքրիկ ընտանիքը, շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել, ունենք երեխաներ, ընտանեկան ոչ մի խնդիր չենք ունեցել»:

Օրեր առաջ Նարեկի կինը Խնձորեսկում հանդիպել էր վարչապետի Փաշինյանին և Պաշտպանության նախարարին, բարձրաձայնել էր իր մտահոգությունները: Նա «Ազատությանը» փոխանցեց, որ իրեն տեղեկացրել են, որ Հայաստանն ամեն ինչ անում է Նարեկ Սարդարյանին և Ադրբեջանում հայտնված մյուս չորս ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար:

Կարմին խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանին, որը, ըստ հայկական կողմի, օգոստոսի վերջին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

XS
SM
MD
LG