Մատչելիության հղումներ

Նարեկ Սարդարյանի համագյուղացիները վստահ են՝ Նարեկը կգա


9 օր շարունակ Խնձորեսկի բնակիչները, փրկարարները փնտրում էին 30-ամյա Նարեկ Սարդարյանին: Նա արոտավայր` անասուններն արածացնելու էր գնացել ու անհետացել: Եերեկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութից պարզ դարձավ, որ երիտասարդն Ադրբեջանում է:

Նարեկ Սարդարյանը Ներքին Խնձորեսկ գյուղից է, անասնապահությամբ է զբաղվում: Որպես արոտավայր վարձակալել են Նախիջևանին սահմանակից Գորայք համայնքից արոտավայրեր: Հենց այդտեղից էլ անհետացել է:

Համայնքապետ Երվանդ Մալունցն ասում է, որ այդ արոտավայր նոր էին գնացել, տեղանքին անծանոթ էին: Նարեկի հետ նույն տարածքում անասնապահությամբ զբաղվողներից մեկը պատմեց, որ արոտավայրը վարձակալելուց առաջ չեն իմացել, չեն ենթադրել որ երևացողը ոչ թե հայկական, այլ ադրբեջանական հենակետ է: Նա վստահ է, որ Նարեկը հենց այդպես էլ մոլորվել է ու գերեվարվել։

Գյուղում ի սկզբանե կասկածներ են եղել, որ երիտասարդը պատահմամբ հատել է սահմանը: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը Ադրբեջանի իր գործընկերներին հարցում էր ուղարկել։ Ադրբեջանական կողմը սակայն միայն այսօր է պատասխանել հարցմանը, երբ արդեն տեսանյութը հրապարակել էին:

«Այս հարցի շուրջ մեր կազմակերպությունը գտնվում է կապի մեջ երկու կողմերի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: Մենք գտնվում ենք կապի մեջ նաև այս անձի ընտանիքի հետ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որպես մարդասիրական չեզոք միջնորդ, ունի իրավասություն այցելելու նման անձանց, ովքեր ձերբակալվել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, որպեսզի կարողանանք մշտադիտարկել իրենց հանդեպ վերաբերմունքը», - ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Ամատւնու փոխանցմամբ, պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի այցելել Նարեկին, հաստատված ժամկետներ չկան, բայց շեշտեց, որ խոսքը անհապաղ այցելելու մասին է, ընտանիքին նամակ կամ բանավոր հաղորդագրություն փոխանցելու հնարավորություն մասին: Այս ամենն իհարկե` ադրբեջանական իշխանության համաձայնությամբ:

Իսկ ադրբեջանական իշխանության տարածած տեսանյութն այն մասին է, որ Հայաստանի քաղաքացին ինքնակամ, սպիտակ դրոշ պարզած (հայտնի չէ, թե սարերի անասնապահը սպիտակ կտոր որտեղից է գտել), հանձնվել է հարևան պետությանը, քանի որ ըստ տեսանյութի` այստեղ անարդարույթուններ են, գյուղապետն էլ իրենից անընդհատ կաշառք է ուզում: Ուզում է ապրել Ադրբեջանում կամ տեղափոխվել երրոդ երկիր:

Ազգային ժողովի պատգամավոր («Իմ քայլը»), ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան. – «Ինչ վերաբերում է այն տեքստերին, որ նա հնչեցրեց, ապա դրանք ամբողջությամբ ադրբեջանական քարոզչությանը հատուկ տեքստեր էին, բառ առ բառ: Ակնհայտ էր, որ նրան պարտադրել են, տարբեր ձևերով ստիպել են արտասանել այդ տեքստերը, և դրանով նաև փորձում են այս լարված իրավիճակում հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա»:

Հայրապետյանը պատահական չի համարում, որ օրեր շարունակ ադրբեջանական կողմը տեղեկություն չէր հայտնում Նարեկի մասին և միայն այժմ այս լարված փուլում տարածեց այդ տեսանյութը: Պարզ է, ասում է, որ տղան մոլորվել է. – «Հույս ունեմ ամեն դեպքում, քանի որ Կարմիչը զբաղվում է այս պահին ինտենսիվորեն: Հույս ունեմ, որ կստեղծվի հնարավորություն երրորդ երկիր տեղափոխվելու և վերադարձնելու մեր քաղաքացուն»:

Հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը. – «Նարեկ Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` նրան Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ Բաքվի իր պաշտոնակցի հետ այս հարցով բանակցել չի կարող, քանի որ ուղիղ հաղորդակցություն չկա: Աշխատում են Կարմիր խաչի հայաստանյան պատվիարկության հետ:

Տեսանյութը Թաթոյանը դիտել ու, մեղմ ասած, տարակուսել է. – «Որպես Մարդու իրավունքների պաշտպան, անհանգստացած եմ: Հաշվի առնելով նաև նախորդ փորձը, որ մեր քաղաքացիները այնտեղ ենթարկվում են դաժան վերաբերմունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի, բնականաբար, դա մեզ անհանգստության հիմքեր է տալիս: Նման դեպքում, իհարկե, պետք է անհապաղ աշխատել»:

Նարեկ Սարդարյանի ծննդավայրում ադրբեջանական տեսանյութը չեն էլ քննարկում: Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, թե ամեն ինչ պարզ է. – «Իրա ասածը ընդհանրապես կապ չունի, քանի որ սաղս էլ գիտենք, թե ազերիները ինչ տեսակ ազգ են, ոնց են վարվում, ոնց են ստիպում, իրանց ձեռնտու բաները խոսցնել տալիս: Ինձ թվում ա, սաղ էլ գիտեն»:

Գյուղը ֆեյսբուքյան էջում խնդրում է Նարեկի վերաբերյալ չճշտված լուրեր չտարածել, նրա հարազատներին ցավ չպատճառել: Գրառումը եզրափակել են այսպես՝ Նարեկը կգա:

Նարեկ Սարդարյանի հարազատները զրույցի համար բառեր չունեն, նրանք միայն սպասում են։ Նարեկը կին ու փոքրիկ տղաներ ունի՝ 3 և 5 տարեկան, առողջական խնդիր ունեցող ծնողներ: Տունը պահելու համար էր ընդարձակել տնտեսությունն ու հասել վտանգավոր արոտավայրեր:

XS
SM
MD
LG