Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ այսօր Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը։

Հայաստանում Սպարապետի օրը նշում են 2017 թվականից։ Գործադիրի ղեկավարը ծաղիկներ է դրել Մխիթար սպարապետի շիրիմին։ Արարողության ընթացքում 15 զինծառայող զինվորական երդում է տվել, ընթերցվել է Սպարապետի խոսքը։

Վարչապետը Խնձորեսկում հարգանքի տուրք է մատուցել նաև Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին, Փաշինյանը Սպարապետի օրվա առթիվ շնորհավորել է տեղում հավաքված բնակիչներին։

Խնձորեսկում վարչապետին մոտեցավ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կինն ու փորձեց Փաշինյանից ամուսնու վերաբերյալ տեղեկություն իմանալ։

«Շատ բան չեմ կարող ասել, ցավոք սրտի, որովհետև, դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի մոտ է», - պատասխանեց վարչապետը:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգոստոսի սկզբին են այցելել Սարդարյանին, ծանոթացել պահման վայրի, առողջական վիճակի մասին, ինչպես նաև ընտանիքին որդուց նամակ են փոխանցել։

30-ամյա Սարդարյանը հուլիսի 8-ին գնացել էր Գորայքի արոտավայր՝ անասունների հոտի հետևից ու չէր վերադարձել։ 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որից էլ պարզ դարձավ, որ Ներքին Խնձորեսկի բնակիչը մոլորվել ու գերեվարվել է:

Այնուհետև արդեն Գորիսում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքներին, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին։ Փաշինյանը կարևորել է իրականացվող աշխատանքները, որոնք, ըստ նրա, նոր ազդակ կհաղորդեն Գորիսի զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը:

Գորիսում նաև նոր գրավիչ վայրեր ստեղծելու մտադրություն ունեն։ Հին Գորիսին մոտ շինարարական աղբավայրի վերածված տարածքը, ըստ պատասխանատուների, վերակառուցումից հետո կարող է մրցունակ տարածք լինել բիզնեսի զարգացման և ներդրումների համար։

XS
SM
MD
LG