Մատչելիության հղումներ

The Washington Post-ը «անզուսպ բռնապետ» է որակում Ալիևին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 23-ը հուլիսի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Բաքու, 23-ը հուլիսի, 2020թ.

Ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը, կոշտ քննադատել է Ադրբեջանի առաջնորդին` որակելով նրան անզուսպ բռնապետ, որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ մտահոգիչ պետք է լինեն բոլորի համար:

«Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել», - գրել է խմբագրականը՝ միանգամից հիշեցնելով, որ մինչ այդ էլ Ադրբեջանի նախագահը առանձնապես բարյացակամ չի եղել անկախ լրագրողների կամ ընդդիմախոսների հանդեպ: «Փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդներն արձանագրել էին իրական քաղաքական մրցակցության լիակատար բացակայություն», - փաստում է The Washington Post-ը՝ շարունակելով. - «Հիմա էլ՝ կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնանկման ու Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների «հինգերորդ շարասյունը»` ի դեմս ընդդիմության, ու սկսել են նրանց բանտերը նետել»:

«Ալիևի զայրույթի նոպաները սպառնում են հողին հավասարեցնել Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերի վերջին մնացորդները», - զգուշացնում է The Washington Post-ը` մանրամասն պատմելով ընթերցողին, թե ինչպես էր դեռ մարտին Ադրբեջանի առաջնորդը հրապարակավ խոստացել պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ և այդ համատեքստում խոսել «դրսի ֆինանսավորմամբ աշխատող ներքին թշնամիների» մասին, որոնց «մեկուսացումը դարձել է պատմական անհրաժեշտություն»:

Ամերիկյան պարբերականը փաստում է, որ այս ելույթից հետո հուլիսի 12-ին սկսվեց հայ-ադրբեջանական բախումը, որը կողմերի միջև առաջին ընդհարումն էր 2016 թվականից ի վեր. - «Զոհվեց 11 ադրբեջանցի զինվորական, այդ թվում` մեկ գեներալ, և մեկ քաղաքացիական անձ, ինչից հետո Բաքվում բանակի պաշտպանությանը նվիրված ցույց սկսվեց: Մի խումբ ցուցարարներ կարճ ժամանակով ներխուժել էին խորհրդարան, մինչև ոստիկանությունը նրանց դուրս կհաներ, զայրացած ամբոխը նաև մի քանի ոստիկանական մեքենա էր շրջել: Ալիևն այս ցույցն օգտագործեց որպես պատրվակ` «հինգերորդ շարասյանը» հետապնդելու համար», - գրում է The Washington Post-ը, ընդգծելով՝ միջադեպի հաջորդ օրը երկարաշունչ ելույթում Ալիևը հարձակվեց Ադրբեջանի ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդական ճակատ»-ի վրա:

Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ լարված այդ օրերին ընդդիմադիր ուժի առաջնորդ Ալի Քերիմլին ելույթ էր ունեցել հօգուտ զինված ուժերի ու հայտարարել`«մենք կանգնած ենք մեր պետության ու բանակի կողքին»: «Ադրբեջանի նախագահի համար, սակայն, այս խոսքերը ոչ մի նշանակություն չունեն», - փաստում է The Washington Post-ը՝ շարունակելով - «Ալիևը թիրախավորեց ընդդիմադիրներին, հայտարարեց, թե «պետք է վերջ դնել հինգերորդ շարասյանը», խոստացավ գնալ կուսակցության «կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից»:

«Ավելին, Ալիևը պնդել էր, թե ընդդիմադիր կուսակցությունը «հայերից վատն է», - գրում է խմբագրականն ու փաստում` առաջնորդի այդ ելույթից հետո Ադրբեջանի անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցության անդամներին ու աջակիցներին:

Ըստ The Washington Post-ի աղբյուրների, այս պահի դրությամբ Ալիևի վարչակազմը ազատազրկել է առնվազն 120 մարդու, որոնց թվում ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ ու լրագրողներ կան: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու կառույցներ դատապարտել են ընդդիմության դեմ բռնաճնշումների հերթական այս ալիքը:

ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ օրեր առաջ կոչ էր արել Ադրբեջանին համաճարակը պատրվակ չդարձնել` ընդդիմադիր ձայներն ու հանրային քննարկումները լռեցնելու համար: «Ալիևի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապեց արձագանքել Պետդեպին անհիմն մի մեկնաբանությամբ», - գրում է The Washington Post-ը և մանրամասնում. - «Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել էր ռասայական խտրականության դեմ ամերիկյան ցույցերն ու հայտարարել` «այս իրավիճակում մենք չենք հասկանում` ում համար է ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստանում և ինչու»:

Ամերիկյան հեղինակավոր պարբերականն արձագանքել է. - «Թույլ տվեք բացատրել. Միացյալ Նահանգներում ցույցերը կենարար ուժ են տալիս ժողովրդավարությանը, որը ունի խնդիրներ, բայց երաշխավորում է խոսքի և հավաքների ազատության, այդ թվում` նախագահին քննադատելու իրավունքը»:

«Երկաթյա բռունցքով ընդդիմախոսներին ոչնչացնելու` Ալիևի քաղաքականությունը հակասում է ժողովրդավարությանը, և հենց այդ է պատճառը, որ այս անզուսպ բռնապետի գործողությունները պետք է մտահոգության առարկա դառնան յուրաքանչյուրի համար», - եզրափակել է The Washington Post-ի խմբագրականը:

Չնայած միջազգային հանրության քննադատությանը` Բաքվում ընդդիմադիրների դեմ արշավը չի դադարում: Երեկ «Ժողովրդական ճակատ»-ը հայտարարեց աջակիցների, այդ թվում` նախագահության անդամների նոր ձերբակալությունների մասին, ինչից հետո կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանդես եկավ իշխանությանն ուղղված արտառոց առաջարկով:

«Եթե խնդիրը ես եմ, դադարեցրեք բռնաճնշումները, ձերբակալեք ինձ, բայց ազատ արձակեք «Ժողովրդական ճակատ»-ի բոլոր բանտարկյալներին», - երեկ հայտարարել է Քերիմլին: Ավելին, ընդդիմադիր առաջնորդը վստահեցրել է, թե պատրաստ է վերջ դնել սեփական քաղաքական կարիերային` հրաժարական ներկայացնել կուսակցության ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում է արդեն քսան տարի։ «Միայն թե ազատ արձակեք մեր աջակիցներին», - հայտարարել է Քերիմլին` անուղղակի հաստատելով The Washington Post-ի գնահատականը` նորահայտ բռնճնշումներով Ալիևը ոչնչացնում է ընդդիմության վերջին մոհիկաններին:

XS
SM
MD
LG