Մատչելիության հղումներ

Բաքվում հայ ժողովրդի դեմ հրահրված ցույցը կարող է շրջվել Ալիևի իշխանության դեմ. ադրբեջանագետ


Ադրբեջան - Ցույց Բաքվում, 14-ը հուլիսի, 2020թ.
Ադրբեջան - Ցույց Բաքվում, 14-ը հուլիսի, 2020թ.

Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությանը զուգահեռ կեսգիշերին Բաքվում հայ ժողովրդի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու կոչերով ցույցը կազմակերպել էր Ադրբեջանի ղեկավարությունը, համոզված է ադրբեջանագետ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, որը մինչև լուսաբաց հետևել է Ադրբեջանի մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին։

«Դրա նպատակը միգուցե այն էր՝ ցույց տալ, որ «մենք բոլորս պատերազմ ենք ուզում», նաև Հայաստանին ուղղված մեսիջ կար, միգուցե սպառնալիքի տեսքով, երևի մեզ լավ չեն ճանաչում ուղղակի, և արտաքին աշխարհին՝ «տեսեք, իմ ժողովուրդն է պատերազմ ուզում, և իմ գործողությունները պայմանավորված են իմ ժողովրդի պահանջով», - ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանագետին ասում է՝ եթե ցույցերն ինքնաբուխ լինեին, ապա ոստիկաններն ի սկզբանե կկանխեին համավարակի կարանտինի փուլում բողոքի ընդլայնումը, սակայն ցրեցին, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ և ցուցարարները ներխուժեցին Ազգային ժողովի շենք՝ պահանջելով բարձրաստիճան զինվորականների հրաժարականները:

«Իսկապես Ալիևն իր քարոզչության գերին է դարձել և չգիտի՝ ինչպես ուղղորդել, ինչ ձևով օգտագործել, որպեսզի այդ ամենն իր դեմ չպտտվի, որովհետև 90-ականներին էլ է դա եղել, հակահայկականության լոզունգներով դուրս են եկել փողոց և տեղի է ունեցել իշխանափոխություն», - նշեց Հայրապետյանը:

Ըստ պատգամավորի՝ նախապես կազմակերպված բողոքի ալիքի անցանկալի ընթացքը ցույց տվեց, որ հանրային այդպիսի հուզումները վտանգավոր են հենց Ալիևի համար, ցանկացած պահի դա կարող է շրջվել նրա իշխանության դեմ, որը տարիներ շարունակ հանրության համախմբման գլխավոր գործիք է դարձրել հակահայ քաղաքականությունը։

«Ալիևի իշխանության պահպանման ճանապարհն այսպիսին է, բայց ես ցանկանում եմ շեշտել, որ սա կարող է դառնալ նաև իշխանության կորցնելու ճանապարհը: Այստեղ երկակի է, միանշանակ չէ. մի կողմից, այո, ինքը կոնսոլիդացնում է, բայց մյուս կողմից, երբ որ ինքը ոտքի է հանում և իրական դաշտում անհաջողություն է կրում, այդ դժգոհությունը պտտվում է Ալիևի դեմ», - ընդգծեց Հայրապետյանը:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ հետևելով գիշերվա զարգացումներին՝ տպավորություն է ստացել, որ այն հրահրված էր պետության ղեկավարության մակարդակով։

«Այս անգամ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց առաջին լուրջ ձախողումից հետո ռազմական գործողություններով վերականգնել իր դիրքերը, բայց էլ ավելի ծանր կորուստներ կրեց, այդ թվում՝ իրենց բանակային կորպուսներից մեկի շտաբի պետը և մյուս բարձրաստիճան զինվորականները: Սա արդեն սկսեց լուրջ հուզումներ առաջացնել իրենց հասարակության ներսում, որովհետև ամբողջությամբ հակասում էր իրենց քարոզած կերպարին», - նշեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ տարիներ շարունակ իր անպարտելիությամբ հանրությանը սնած իշխանությունը կանխատեսել էր, որ վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով իրենց կրած կորուստներից վրդովված զանգվածը կարող էր ընդվզել իշխանության դեմ:

«Իրենք դա կանխազգալով, ցուցարարների մոտ, իհարկե, բավականին մեծ քանակությամբ ոստիկանության հատուկ նշանակության ուժեր էին տեղակայել և ջրցան մեքենաներ, որ եթե սահմաններից, երբ որ դուրս գա այդ ցույցը և ուղղվի արդեն իշխանությունների դեմ՝ դժգոհությունների առումով, իրենք միանգամից կարողանան ուժերը մոբիլիզացնել և ցրել, հենց այդպես էլ արեցին», - ասաց նա:

XS
SM
MD
LG