Ադրբեջանի դատարանը կալանավորել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Ղահրամանլիին` իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանքով:
Ղահրամանլին, ընդդիմադիր տասնյակ այլ գործիչների հետ, ձերբակալվել է անցած շաբաթ Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարանի շենք:
Իշխանության բռնազավթման փորձից բացի Ֆուադ Ղահրամանլին մեղադրվում է նաև այլոց գույքը ոչնչացնելու, հասարակական կարգը խախտելու, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Ընդդիմությունը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ Ղահրամանլին ընդհանրապես հուլիսի 15-ի հանրահավաքին չի մասնակցել:
Նախագահ Իլհամ Ալիևը, մինչդեռ,նախաքննությունը չավարտված` կատարվածի ողջ պատասխանատվությունը դրել էր ընդդիմության վրա: