Մատչելիության հղումներ

Հնչեղ գործերով որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է ավելի քան 2 միլիարդ դրամ


Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան, արխիվ
Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան, արխիվ

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչներից մինչև օրս ամենախոշոր վնասի վերականգնում կատարվել է ՊԵԿ նախկին ղեկավար, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների քրեական գործի շրջանակում։ Ըստ գլխավոր դատախազության, վճարվել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ. 800 միլիոնը փոխանցվել է ՀՔԾ-ի, 225 միլիոնը՝ դատախազության դեպոզիտ հաշիվներին։

«Ազատության» հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե այդ գումարն իր պաշտպանյալները չեն վճարել՝ չմանրամասնելով, թե ով է այդ դեպքում նման խոշոր գումար փոխանցել պետությանը. – «Ընդամենը կարող եմ ասել, որ այո, էդ չափի գումար վճարում կատարվել ա: Բայց ավելի մանրամասն էս փուլում չեմ կարող ասել»:

Խաչատրյանների գործով մեղադրյալ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնես կայսրության կառավարիչ Սեդրակ Առուստամյանը։ Հունիսի 12-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ երեք տարբեր գործերով մեղադրյալ Առուստամյանը «Հյուսիս-հարավի» գործով 1 միլիարդ դրամ է վճարել Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ Այսինքն սա նույն 1 միլիարդը չէ, որ վճարվել է Խաչատրյանների քրեական գործի շրջանակում։

64-ամյա Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար, իսկ որդիները՝ յուրացման, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ըստ դատախազության, Խաչատրյանների գործով պետությանը պատճառված վնասը ներկա փուլում կազմում է 8 միլիարդ 807 միլիոն դրամ, իսկ գործով հնարավոր բռնագանձման ենթակա գումարը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով 22 միլիոն 400 հազար դոլար է։ Սա, ըստ իրավապահների, հենց Սեդրակ Առուստամյանի կողմից Խաչատրյաններին տրված կաշառքն է։

Խաչատրյաններին պատկանող ամբողջ գույքի, ընկերություններում ունեցած բաժնեմասերի նկատմամբ կիրառվել է արգելանք։ Նրանք հայտարարել են, որ պետությունը փորձում է իրենց ստիպել վաճառել հեռահաղորդակցության ոլորտում առաջատարներից մեկը համարվող ու իրենց պատկանող «Յուքոմ» ընկերությունը, որի բաժնեմասերը ևս կալանքի տակ են։

Նախկին իշխանության թիմակից Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է դեռ անցած տարվա օգոստոսից, նրա երկու որդիները՝ Արտյոմը և Գուրգենը, հետախուզվում են։

Նախկին իշխանության ներկայացուցիչներից հաջորդ խոշոր վնաս վերականգնողը ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն է ու նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Նրանք դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցել են 7 միլիոն դրամ։ Միևնույն ժամանակ, արդեն դատական քննության ընթացքում դատարանին է ներկայացվել որոշում, ըստ որի Մանվել Գրիգորյանը որպես «Արա և Այծեմնիկ» ընկերության միակ հիմնադիր, ընկերության՝ ավելի քան 72 միլիոն դրամ գնահատված բոլոր բաժնեմասերը հանձնում է իր գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի և դատական ծախսերի հատուցում։

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Ազատության» հարցին՝ եթե պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ինչո՞ւ է 7 միլիոն դրամ վճարել, պատասխանեց. – «Այնքանով, որքանով այդ հիմքով վերջինիս վերցրեցին կալանքի տակ, վնասը, ասեցին, 7 միլիոն ա, մենք անմիջապես 7 միլիոնը դեպիզիտ հաշվի վրա դրեցինք և ասեցինք` հարգելի քննիչ, հարգելի դատախազ, էդ հիմքով դու մեղադրանք ես առաջադրել, ասում ես կարա անձը փախնի, խոչընդոտի, թաքնվի, մենք էդ գումարը դեպիզիտ հաշվի համար ենք դնում, անձին կալանքից ազատի: Նպատակը դա է եղել»:

Բաղդասարյանը նաև ասաց, թե «Արա և Այծեմնիկ» ընկերության բաժնեմասերը այժմ գտնվում են Գրիգորյանի մոտ, քանի որ իրավապահաները չընդունեցին իրենց առաջարկությունը՝ բաժնետոմսերը վերցնել, Գրիգորյանի գործն էլ կարճել. – «Մենք առաջարկեցինք դատարանին, որպեսզի գործը կարճվի հարկայինի մասով, պատրաստակամություն հայտնեցինք, որպեսզի նստացնենք դա դատարանի դեպոզիտ։ Դատարանը դրան, ըստ էության, ընթացք չտվեց, բնականաբար, դատարանի դեպոզիտում չէ դա, և գործն էլ կարճված չէ հարկային մասով»:

Հունվարին առողջական վատ վիճակի պատճառով կալանքից ազատված 63-ամյա նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Հաջորդ վերականգնումը կատարվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով։ Պետությանը պատճառված 114 միլիոն դրամ վնասի մի մասը՝ 54 միլիոնը վճարել է այս գործով վկայի կարգավիճակ ունեցող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Իսկ 8 միլիոն դրամը՝ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, որը, ըստ իրավապահների, թեև ձևակերպված է եղել որպես ոստիկանության զորքերի աշխատակից, վարձատրվել է, սակայն աշխատանքի չի հաճախել։

Նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում, յուրացում կատարելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նախկին ոստիկանապետն ու փոխոստիկանապետը մեղադրանքը չեն ընդունում։

Ընդհանուր առմամբ, հնչեղ գործերով որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի մեղսագրվող արարքները չեն նախատեսում պետությանը վնասի պատճառում։ Բայց պաշտոնաթող նախագահի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք՝ որպես հնարավոր հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումը կամ հնարավոր դատավճռով հնարավոր բռնագրավման կիրառումն ապահովելու միջոց։

Ինչ վերաբերում է Քոչարյանի որդուն՝ գործարար Սեդրակ Քոչարյանին, ապա նա չի վերականգնել պետությանը պատճառած վնասը։ Նրա գործով պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 2 միլիարդ դրամ։ Նրան պատկանող անշարժ գույքի վրա կալանք է դրված։

Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեջ: 9 միլիոն դրամ էլ դեռ նախաքննության փուլում պետությանը վճարել է ՀՀԿ փոխնախագահ, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանը։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է մի շարք կրթական հաստատությունների տնօրենների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն։

Մյուս մեղադրյալը Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Գագիկ Գևորգյանն է, ով մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ իրեն վստահված խոշոր չափերի գումարը վատնելու համար։ Ըստ դատալեքս դատական տեղեկատվական պաշտոնական կայքէջի, Արամ Բարսեղյանը զղջացել է և վերականգնել է պետության վնասը, թե որքան՝ գումարի չափ նշված չէ։ Առաջին ատյանի դատարանը Բարսեղյանին դատապարտել է ազատազրկման ավելի քան 4 տարվա ժամկետով, սակայն այն պայմանականորեն չի կիրառել։ Բարսեղյանի ու Գևորգյանի նկատմամբ կիրառվել է համաներում։ Նրանց դատավճիռը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG