Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգմավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը: Այդ մասին երեկ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նրա փոխանցմամբ, Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա երկու ամիս:
«Սովորոական, էն տրաֆարետ հիմնավորումներն են՝ կարող է խուսափի, ազդի, ունի ազդեցություն», - ասաց Մկրտչյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի որոշումը, փաստաբանը պատասխանեց. - «Դատարանի որոշումը՝ թողնենք հիմնավորվածն ու չհիմնավորվածը, ես զերծ կմնամ գնահատականներ տալ, նման է մի շարք որոշումների, որոնք որ նախկինում կայացվել են հայտնի ամբաստանյալների նկատմամբ <...> : Ձեզ օրինակներ բերեմ՝ ես ունեմ երկու հոդվածներով հենց հիմա վստահորդներ, որոնք գեներալներ չեն, որոնց մասին պաշտոնյաները, պատգամավորները չեն խոսում, նրանք ստորագրության տակ ազատ են հիմա՝ նույն հոդվածներով։ Իմիջայլոց Մանվել Գրիգորյանի պարագայում ոչ ոք չի ասել, որ այդ տուշոնկան այդպես է»։
Փաստաբանը նշեց, որ Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում։
«Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում, և ես, ճիշտն ասած, որևիցե լուրջ հիմքեր չեմ տեսնում, որ դա մոտ լինի իրականությանը», - լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
Ճշտող հարցին, թե Մանվել Գրիգորյանն ինքն իրեն քաղբանտարկյա՞լ է համարում, փաստաբանը պատասխանեց. - «Չէ, նա ինձ տենց բան չի ասել, ես ունեցել եմ իր հետ զրույց, անգամ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ձգձգվում էր որոշումը կայացնելու, ստանալու պահը, և դատավորը հայտարարեց, որ լրացել է 72 ժամը, դուք իրավունք ունեք ազատ լինել, պահանջեց, որ ուղեկցողները դուրս գան, դրանից հետո ես բացատրեցի իրավական հետևանքները, որ մենք անգամ կարող ենք դատարանից դուրս գանք և ուղևորվենք ցանկացած ուղղությամբ, սակայն պարոն Գրիգորյանն ասաց՝ «ես որևիցե տեղ չունեմ գնալու, չեմ խուսափում և ինչ-որ պետք է լինի, թող ստեղ լինի»։
Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը:
Իրականացված խուզարկությունների արդյունքներով կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել: