«Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը», - այսօր այսպիսի հայտարարել է Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը։
Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահն իր հայտարարությունում չնշելով, թե կոնկրետ ովքե՞ր են իր առջև պահանջ դրել, ընդգծել է՝ իրենց խոստացել են անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում իրենք ստիպված կվաճառեն ընկերությունը, այն էլ, առավելագույն ցածր գնով։
«Ես փորձել եմ ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում եմ ոչ ստաբիլության կործանարար հետևանքները մեր ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական և միջազգային գործընկերների , ընթացիկ և ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա ։ Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ: Ու քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը և դիմել միջազգային հարթակների», - ասված է Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունում։
Արձագանքելով այս հայտարարությանը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը:
«Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը»,- գրել է վարչապետի խոսնակն ու շարունակել. «Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:
Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:
Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով»:
Երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի վերաբերյալ վարչապետի խոսնակի հայտարարությանը:
«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն», - ասված է տեքստում:
Ucom-ի հիմնադիրներից Ալեքսանդր Եսայանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք իր, եղբոր ու իրենց հետևած շուրջ 800 աշխատակիցների ընկերությունից հեռանալը նույնպես հանրային ճնշում չի եղել Ucom-ի վրա, Եսայանը պատասխանեց. «Քանի որ մեր հետևում, ինչպես նշել ենք բազմիցս, կատարվում էր աշխատանքներ, որոնցից մենք տեղյակ չէինք, բերել է կոնֆլիկտի, դիմել ենք, որ այլևս չենք ուզում իրենց հետ աշխատել ու դուրս ենք եկել Ucom ընկերությունից: Դրանից հետո սկսել է աշխատակիցների հերթով դիմումները, մարդիկ որոշել են, որ չեն ուզում այդ բաժնետերի հետ աշխատեն, չեն ուզում նոր տնօրենի հետ աշխատեն: Մենք արել ենք առաջարկ գնելու ընկերությունը, իրենք մեկ համաձայնվել են, մեկ չեն համաձայնվել, հետո հետ են եկել, հետո իմացել ենք, որ չեն համաձայնվում, մենք էլ ասել ենք՝ քանի որ դուք էլ ուրիշ պլաններ եք գտել, ուրիշ ուղղություններ եք վերցրել և դրա մասին մեզ տեղյակ չեք պահել, եկեք ձեր ընկերությունը ղեկավարեք՝ ձեր 94 տոկոս բաժնեմասով»:
Այսօր նաև ԱԱԾ-ն է հայտարարություն տարածել, ըստ որի՝ ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տվյալներ կան, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք:
Մամուլը գրում է, որ ԱԱԾ-ի նշած կոնցեռնը Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ»-ն է, որի գլխավոր տնօրենին՝ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ մեղադրվող Սեդրակ Առուստամյանին դատարանն օրերս երկու ամսով կալանավորման որոշում էր կայացրել։ Առուստամյանի անունն, ի դեպ, ևս 2 քրեական գործերի հետ է կապվում։
Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանին հարցրինք՝ մամուլն արդեն գրում է, որ ԱԱԾ-ի նշած կալանավորված տնօրենն իր վստահորդն է, փաստաբանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը:
«Ես չեմ կարող մեկնաբանել ԱԱԾ հաղորդագրությունը՝ և՛ մասնագիտական էթիկայի նորմերից ելնելով, և՛ բարոյական նորմերից ելնելով: Ես չեմ մեկնաբանում ընդհանրապես, ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ», - ասաց Սուքիասյանը:
Ucom-ի հիմնական սեփականատերերի հայրը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ կալանավորված է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։