Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին լրագրողներին դատարանի բակում քիչ առաջ հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Այս օրերին դատարանը քննում էր կալանքի հարցը: Փաստաբաններից Երեմ Սարգսյանը մի անգամ միջնորդեց հնարավորություն տալ նյութերին ծանոթանալ, ապա ինքնաբացարկ հայտնեցին դատավորին` նշելով, որ սուբյեկտիվություն են տեսնում դատավորների մակագրման համակարգում, որը պետք է պատահականության սկզբունքով լինի:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ծառուկյանը երեքշաբթի օրը խորհրդարանի որոշմամբ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դատախազն իր միջնորդությունում, մասնավորապես նշել էր, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել «Երևանշին» ընկերությունում, ինչի ժամանակ էլ հայտնաբերվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր: «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, որը մեղադրվում է Վերմիշյանին 5 հազար դոլար կաշառք տալու համար, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն` Ծառուկյանի բիզնես կառավարիչ Սեդրակ Առուստամյանից և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Այս քրեական գործով 2 օր առաջ ձերբակալվել է նաև մի քաղաքացի: Ավելի վաղ էլ ձերբակալվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Ծառուկյանին առնչվող մյուս քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին, այլ պաշտոնյաների և «Մուլտի գրուպ» կոնցեռնի փոխտնօրենին։ Մյուս քրեական գործն էլ ԲՀԿ առաջնորդի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ընկերությանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանի տարբեր վայրերում շահումով խաղերի, խաղատան բիզնես իրականացնող այս ընկերությունն առանց լիցենզիայի է գործել՝ պետությանը պատճառելով մոտ 30 միլիարդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս։

XS
SM
MD
LG