Մատչելիության հղումներ

Զոհրաբյան. Կա քաղաքական որոշում, որ վաղը դատախազը մտնի ԱԺ` Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ


Գլխավոր դատախազն առայժմ միջնորդություն չի ներկայացրել Ազգային ժողով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ առայժմ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նույնպես նման միջնորդությամբ իրենց չի դիմել, այս պահին դեռևս քննչական գործողություններ են ընթանում. - «Այդ գործողությունների արդյունքում միայն իրենք կգնահատեն, նախաքննական մարմինը նկատի ունեմ, կգնահատեն` արդյոք բավարար նման հարցով դիմելու, թե ոչ, բայց էլի եմ ասում` մենք ինքներս էլ կարող ենք գործի ընթացքից ելնելով և ձեռք բերված ապացույցների բավարարությունից ելնելով որոշակի եզրահանգումների գալ»:

Հարցին, թե առայժմ չունե՞ն նման եզրահանգումներ, Աբրահամյանը պատասխանեց. - «Երբ որ ունենանք, այդ մասին էլ անպայման կտեղեկացնենք»:

Մինչդեռ ԲՀԿ խմբակացության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր»։

Երեկ տեղի ունեցած իրադարձություններին է անդրադարձել խորհրդարանական 2-րդ ընդդիմադիր ուժը ՝ «Լուսավոր Հայաստանը»։ Այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։ «Իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաև շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի», - ասված է հայտարարության մեջ։

Այս գնահատականներին ի պատասխան` գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հակադարձեց՝ որոշումները քաղաքական գործընթացների արդյունքում չէ, որ կայացվում են, դրանք պետք է բխեն գործի հանգամանքներից և բավարար ապացույցների առկայությունից. - «Երեկ գործողությունների ընթացքում նախաքննական մարմինը հանդես եկավ հաղորդագրություններով, որոնցում նշվում էր, թե ինչ քրեական գործեր են հարուցվել, ինչ հանգամանքներ են պարզված և այլն: Ակնհայտ երևում է, որ դրանք կոնկրետ քրեական գործի շրջանակներում իրականացվող գործողություններ են: Բնականաբար այստեղ քաղաքական տարրի մասին խոսել պետք չի և հնարավոր չի»:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը։ Ըստ ԱԱԾ-ի` խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ՝ չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։ 2-րդ քրեական գործը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: 3-րդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի պաշտոնյաներին, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7,5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով մեծ վնասներ։

Գագիկ Ծառուկյանն իրեն ու իր քաղաքական ուժին առնչվող քրեական գործերը շինծու է որակում` պնդելով, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ըստ Ծառուկյանի` պատճառը իր կողմից իշխանության հասցեին հնչեցված քննադատությունը և կառավարության կազմն ամբողջությամբ փոխելու պահանջն է։

Ի դեպ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ ժամը 22-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի մասին երեկ բարձրաձայնեցին ԲՀԿ-ականները, այսօր էլ «Լուսավոր Հայաստանը» նշել է, որ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ, բերման ենթարկելիս քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանը վերաբերող հրապարակումները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG