Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։ Այս մասին նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Դրանից հետո վարձակալության տրամադրված 7.5 հա հողատարածքը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ճանաչվել է ընկերության սեփականություն՝ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Նշված չարաշահումներից հետո, ըստ ԱԱԾ-ի, նույն համայնքի պաշտոնատար անձինք, կրկին անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 7.5 հա հողատարածքին կից, շինություններով ծանրաբեռնված, 0.8147 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, առանց նպատակային նշանակությունը փոխելու և ընկերության կողմից ապօրինի կառուցված շինությունների օրինականացման ընթացքում օրենքով սահմանված գումարները չվճարելով, դրանք օրինականացնելուն օժանդակելու նպատակով, ներկայացնելով որպես շինություններով չծանրաբեռնված հողամաս, ուղղակի վաճառքի միջոցով օտարել են ընկերությանը։
Այնուհետև, համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական հողատեսքից փոխվել է արդյունաբերականի, որի արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 36 միլիոն 539 հազար 925 դրամ, իսկ 7.5 հա հողամասը, որպես գյուղական նշանակության հողատարածք ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը չօտարելով, համայնքի բյուջե չի մուտքագրվել 2 միլիոն 925 հազար դրամ։ Նույն հողատարածքն արդեն որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման ու այլ արտադրական նշանակության հողատարածք ընկերությանը չօտարելով՝ համայնքի բյուջե չի մուտքագրվել 339 միլիոն 300 հազար դրամ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի և պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: