Մատչելիության հղումներ

«Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը». Մարուքյանն՝ իշխանության մասին


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Երկշաբաթյա դադարից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վերադառնում է Ազգային ժողովի դահլիճ:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքից հետո խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը` ակնկալելով, որ միջադեպը քաղաքական հետևանք կունենա:

Խմբակցությունը վերադառնում է հիասթափված, որովհետև սպասելիքները չեն իրականացել:

Էդմոն Մարուքյան. - «Այլևս էս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում` հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր ա հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր բռնությունը արդարացնում են, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր չեն հարդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք»:

Մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանի ներկայությամբ նիստերի դահլիճում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի և Սասուն Միքայելյանի լեզվակռիվը վերածվել էր ձեռնամարտի, իշխանական պատգամավորը ապտակել էր Մարուքյանին, վերջինս էլ ոտքով հակադարձել: Պատգամավորների միջև քաշքշուկ էր սկսվել, որի ընթացքում, Մարուքյանի պնդմամբ, թիկունքից հարվածներ էր ստացել իմքայլական այլ պատգամավորներից: Տեղի ունեցածը վարչապետ Փաշինյանը «քստմնելի սադրանք» էր որակել: Հատուկ քննչական ծառայությունը միջադեպը քննել էր ու քրեական գործի հարուցումը մերժել էր` հանցակազմի բացակայության հիմքով:

Այս ընդմիջման ընթացքում Էդմոն Մարուքյանն արձանագրել է, թե Հատուկ քննչական ծառայությունը կոծկել է գործը, իշխանությունն էլ` արդարացրել բռնությունը:

«Մենք կարծում ենք, որ գործը պիտի քննվեր ՀՀ քրեական օրենսգրքի ոչ է 118-րդ հոդվածի համատեքստում, այլ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդված համատեքստում, որը խոսում է հասարակական կարգը խախտելու... խուլիգանության մասին է խոսքը գնում», - այսօր հայտարարեց Մարուքյանը:

Տեղի ունեցածը սադրանք որակելիս Փաշինյանը նաև հարցադրումէր հնչեցրել, թե ինչու է ամբիոնի մոտ ելույթ ունեցող Մարուքյանը մոտեցել իր տեղում նստած Սասուն Միքայելյանին: Մարուքյանը պարզաբանում է. – «Ինձ ասել ա գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ, այսինքն` բռնություն պարունակող ձևակերպումներով խոսք ա եղել: Հետո մարդը վեր ա կացել ու ուղիղ գալիս ա դեպի ինձ: Իմ միտքը առաջին էղել ա էն, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն, չգցեն, ու ես ամբիոնից կառչեմ և այլն, և այլն... Դա, իմ կարծիքով, շատ վատ տեսարան էր»:

Այս միջադեպին իշխանության թե' քաղաքական, թե իրավական գնահատականները խոսում են այն մասին, որ սա կարող է կրկնվել:

Էդմոն Մարուքյան. – «Մենք արձանագրում ենք արել, և էդ արձանագրումները անելով ենք վերադառնում աշխատանքներին` հաշվի առնելով, որ հնարավոր ա ինչ-որ մեկը ինչ-որ պահի թիկունքից խփի: Պիտի ուշադիր լինես...»

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակադարձում է. - «Ավելացնելու բան չունեմ: Մարդիկ տեսան և գիտեն արդեն, թե ով է Էդմոն Մարուքյանը քաղաքական առումով: Բռնությունը իշխանությունը դատապարտել է, և բռնության դիմելու յուրաքանչյուր փորձ դատապարտել է, և երբևիցի չի դիմել նույնիսկ այն պարագայում, երբ որ հանրությունը դա պահանջել է: Ուստի աճպարարությունը և բանսարկությունը և մնացածը պետք է տարբերել իրական դեպքերից»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի այն պնդմանը, թե իշխանությունը արդարացնում է ընդդիմադիր խոսքի հանդեպ բռնությունը, Սիմոնյանը հարցով է պատասխանում` ազատ, ընդդիմադիր խոսքը հայհոյա՞նք է. – «Եթե ազատ խոսքը սեռական բնույթի վիրավորանքն է, ապա ես ցավում եմ, որ պատկերացումը պարոն Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանի», եվրոպամետ ուժի պատկերացումը ազատ խոսքի մասին սեռական բնույթի հայհոյանքներն են և ծաղրանքն է: Մի քիչ խառնում ա»:

«Լուսավոր Հայաստան» եկել է այն եզրահանգման, որ թեև բավարարված չեն իշխող մեծամասնության թե' քաղաքական, թե' իրավական գնահատականից, բայց կշարունակեն աշխատել ավելի անկաշկանդ ու հասցեական:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG