Մատչելիության հղումներ

«Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ». ԼՀԿ


Ծեծկռտուք Ազգային ժողովում, 8 մայիսի, 2020թ.
Ծեծկռտուք Ազգային ժողովում, 8 մայիսի, 2020թ.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը դատապարտում է մայիսի 8-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը, նշված է նրանց հայտարարության մեջ:

ԼՀԿ-ն ընդգծում է, որ բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց վարչապետի մակարդակով:

«Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո'ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։ Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Խորհրդարանում մայիսի 8-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Վարչապետն իր ելույթում սա համարել էր «քստմնելի սադրանք»` ասելով, թե «իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից»:

«Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր և կեղծ՝ չհիմնված որևէ փաստի վրա»,- շեշտում է «Լուսավոր Հայաստանը»։

Ազգային ժողովի միջադեպի տեսանյութն ու զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները Դատախազությունն այսօր ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

XS
SM
MD
LG