Մայիսի 8-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ծեծկռտուք սկսվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց գործընկերների միջամտությունից հետո միայն:
Տեղի ունեցածը վարչապետը որակեց «քստմնելի սադրանք»:
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը վստահեցնում է՝ սա իշխանության վերջի սկիզբն է: Մարուքյանը հայտարարեց, որ իրենք լքում են խորհրդարանի դահլիճը: Խմբակցությունը մինչ օրս չի վերադառնում նիստերի դահլիճ՝ պնդելով, թե խորհրդարանում այլևս ֆիզիկական անվտանգության խնդիր կա իրենց համար:
Այս և այլ թեմաների վերաբերյալ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ զրուցել է Կարլեն Ասլանյանը:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
«Ազատություն». – Ինչպե՞ս կհակադարձեք այս օրերին հնչող քննադատությանը՝ ուժային, քննչական մարմինների հասցեին, որ հեղափոխությունից երկու տարի անց միայն վարչապետի բանավոր խոսքն է դեռ նախկինների թալանի, գողության մասին: Այնինչ նախկիններն իրենք են արդեն ձեզ մեղադրում մաքսանենգության, թալանի և այլնի մեջ:
Ռուբեն Ռուբինյան. – Նախ, սխալ կլինի պնդել, որ ոչինչ տեղի չի ունեցել կոռուպցիոն թեմաների բացահայտման ուղղությամբ: Այսինքն, վերջին երկու տարիներին, եթե ես հիմա սկսեմ թվել այն անձանց անունները, որոնք անցնում են քրեական գործերով, կալանավորված անձանց անունները, կամ այն անձանց անունները, ում դատավարությունն է արդեն սկսվել, այն անձանց անունները, որոնք հետախուզման մեջ են, շատ երկար ցուցակ կլինի: Այսինքն, ես կարծում եմ՝ ընդհանրապես թյուր է այս թեզը, որ ոչ մի առաջընթաց չկա ոչ մի կոռուպցիոն գործում: Ասեմ ավելին՝ նույնիսկ մեր իշխանության օրոք նշանակված պաշտոնյաներ կան, որոնց հանդեպ մեղադրանք է առաջադրված, կամ կալանավորված անձինք կան, ինչը ապացուցում է, որ կոռուպցիայի դեմ մեր պայքարը ընտրողական չէ, մեր պայքարը հենց կոռուպցիայի դեմ է՝ դրա բոլոր դրսևորումներով, անկախ քաղաքական հայացքներից:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, թե հիմա արդեն նախկին իշխանության ներկայացուցիչները մեզ են մեղադրում ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ, ես կարծում եմ՝ դրա մեջ որևիցե տարօրինակ բան չկա, որովհետև երեսպաշտությունը, ցավոք, նախկին իշխանություններին բնութագրող ամենադիպուկ բառերից մեկն է:
«Ազատություն». - «Լուսավոր Հայաստան»-ը չի վերադառնում խորհրդարանի դահլիճ: Դուք չե՞ք կարծում արդյոք, որ գնդակը հիմա ձեր դաշտում է, պետք է քայլեր անեք մթնոլորտն առողջացնելու համար: Ի վերջո, փաստն այն է, որ ձե՛ր խմբակցության պատգամավորն է հարվածել Էդմոն Մարուքյանին, այնինչ դուք ակնկալում եք, որ Էդմոն Մարուքյանն էլ մանդատը դնի Սասուն Միքայելյանի հետ:
Ռուբինյան. – Նախ, փաստ է ոչ միայն այն, որ Էդմոն Մարուքյանին հարվածել է Սասուն Միքայելյանը, այլ փաստ է նաև այն, որ Էդմոն Մարուքյանն էլ հարվածել է Սասուն Միքայելյանին:
Ինչ վերաբերում է իրավիճակի լիցքաթափմանը, այդ լուծումը, մեծ հաշվով, նույնպես առաջարկվել է՝ այսպես ասած, բախման բոլոր կողմերը դնեն իրենց մանդատները՝ ի նշան, միտված լարվածության թուլացմանը: Այնպես որ, այս առումով, կարծում եմ, գնդակը պարոն Մարուքյանի՛ դաշտում է:
Եվ բացի այս, ես նաև պետք է ասեմ, որ եթե չեմ սխալվում, նաև իրավական գործընթաց է տեղի ունենում՝ տարբեր հայտարարությունների և գործողությունների հետ կապված, և պարոն Մարուքյանն էլ մեկ անգամ նշել էր, որ խնդիրը հիմա իրավական դաշտում է: Հետևաբար, եթե խնդիրը իրավական դաշտում է, արդեն քաղաքական դաշտում էլ եթե մենք առաջարկը արել ենք, մեծ հաշվով՝ քննարկելու առանձնապես շատ բան չկա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.