Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում


Մայիսի 8-ի ծեծկռտուքը ԱԺ նիստերի դահլիճում
Մայիսի 8-ի ծեծկռտուքը ԱԺ նիստերի դահլիճում

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանանյանը։

Անցած ուրբաթ օրը խորհրդարանում ծեծկռտուք էր սկսվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ամբիոնից ելույթ էր ունենում Մարուքյանը՝ քննադատելով իշխող խմբակցության պատգամավորներին: Ի պատասխան՝ «Իմ քայլ»-ից ռեպլիկներ էին հնչում, իսկ Սասուն Միքայելյանի արձագանքից հետո ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից ու մոտեցավ իշխող խմբակցության պատգամավորին, վերջինս էլ տեղից վեր կացավ, ու սկսվեց ծեծկռտուքը։

Պատգամավորներին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստին ներկա Կառավարության անդամներին հաջողվեց իրարից բաժանել կռվողներին, ինչից հետո Մարուքյանը վերադարձավ ամբիոնի մոտ՝ շարունակելու ելույթը։ Նա պնդում է, որ քաշքշուկի ժամանակ իրեն մեջքից խփողներ են եղել:

Նույն օրը Ազգային ժողովում իր ելույթում վարչապետը «քստմնելի սադրանք» որակեց տեղի ունեցածը և պնդեց, որ դրա նպատակն է խեղճացնել քաղաքական մեծամասնությանն ու քայքայել ժողովրդի վստահությունը իշխանության հանդեպ:

Հաջորդ օրը Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ուսումնասիրություն են սկսել խորհրդարանում ծեծկռտուքի կապակցությամբ՝ սեփական նախաձեռնությամբ, մամուլի հրապարակումների հիման վրա, քանի որ իրավապահներին դիմում չի եղել:

Երկուշաբթի օրը Դատախազությունից հայտնեցին, որ միջադեպի տեսանյութն ու զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար:

XS
SM
MD
LG