Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. Արսեն Թորոսյան


Կան աշխատակիցներ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, և նաև այդ աշխատակիցների հետ ավելի սերտ շփված աշխատակիցներ, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով իր ղեկավարած նախարարությունում հաստատված դեպքի մասին:

«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռևս այդպիսի մեծ բռնկում չկա, բայց ամեն դեպքում մենք` սերտ շփում ունեցածներս, պետք է ավելի զգուշավոր վարքագիծ դրսևորենք, ինքնամեկուսանանք, նվազագույնի հասցնենք շփումները: Նրանցից մեկն եմ նաև ես, ռիսկի գոտում եմ, պարտավորվում եմ հիմա ուրիշներին պաշտպանել, եթե հանկարծ վաղն ինձ մոտ արձանագրվի կորոնավիրուսային վարակ»,- հայտնեց նախարարը` նշելով, որ շարունակում է աշխատել հեռավար` զրոյի հասցնելով որևէ մեկին տեսնելը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արսեն Թորոսյանն ասել էր, որ կորոնավիրուսի` իր թեստի պատասխանը բացասական է եղել:

Արսեն Թորոսյանը նշեց, որ եթե նույնիսկ բուժման դեղամիջոց կամ պատվաստանյութ ստեղծվի, հայտնաբերվի, միևնույնն է` կորոնավիրուսային համաճարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո:

«Պետք է իրոք լրջանանք»,- ասաց նա` հավելելով, որ իր համար անահասկանալի է այս ամենը կատակի վերածելը կամ սրամտելը։

Ըստ նախարարի` քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա:

XS
SM
MD
LG