«Որևէ մեկը այս պահին չի կարող ասել, թե երբ է նահանջելու COVID 19-ը», - հերթական անգամ զգուշացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարները` հանդես գալով հոռետեսական կանխատեսումների նոր չափաբաժնով:
«Սա այն է, ինչից մենք բոլորս վախենում ենք, մի արատավոր շրջան, երբ առողջապահական աղետին հաջորդում է տնտեսականը, դրան կրկին հաջորդում է առողջապահական աղետը, հետո՝ կրկին տնտեսականը: Կորոնավիրուսը կարող է ևս մեկ էնդեմիկ, հաստատուն հիվանդություն դառնալ: Այս վիրուսը կարող է այլևս երբեք չանհետանալ, ճիշտ այնպես ինչպես դա տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի հետ», - նախօրեին Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը` մեկ անգամ ևս կոչ անելով աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին չշտապել կարանտինային սահմանափակումները վերացնելու հարցում:
Պաշտոնական Վաշինգտոնին և նահանգային իշխանություններին նույնատիպ հորդորով է դիմել ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, որի այս տեսակետը ակնհայտորեն դուր չի եկել նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ինձ նրա այդ պատասխանը զարմացրել է: Ինձ համար այն անընդունելի է, հատկապես, երբ խոսքը դպրոցների վերաբացման մասին է: Ի վերջո, պետք է հասկանալ, որ այս վարակը թիրախավորում է տարիքն ու առողջությունը», - հայտարարել է Թրամփը` խորհուրդ տալով վերլուծել պաշտոնական վիճակագրությունը և համոզվել, որ անչափահասները ռիսկային գոտում չեն:
Միացյալ Նահանգներում, սակայն, բոլորը չէ, որ համաձայն են Թրամփի այս մոտեցմանը: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, օրինակ, ուշադրություն է հրավիրում կորոնավիրուսի հնարավոր փոխակերպումների` մուտացիաների վրա, որոնց արդյունքում երեխաները ևս հայտնվում են խոցելի խմբերի շարքում: Նման մի շարք դեպքեր Նյու Յորքում արդեն իսկ ի հայտ են եկել:
«Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտը արդեն իսկ նախազգուշացում է ուղարկել մյուս բոլոր 49 նահանգների իշխանություններին` տեղեկացնելով այդ հիվանդության մասին, որ նման չէ COVID-19-ի դասական դեպքերին: Եթե կորոնավիրուսը, որպես կանոն, շնչառական վարակ է, ապա անչափահասների մոտ նկատվող այս հիվանդությունը առավելապես սրտանոթային համակարգին է առնչվում, ինչը COVID-19-ի մի նոր դրսևորում է, - հայտարարել է Նյու Յորքի նահանգապետը:
Եվրոպայում կորոնավիրուսից առավել տուժած պետությունները շարունակում են աստիճանաբար թուլացնել ավելի քան երկու ամիս գործած սահմանափակումները: Կարանտինի թուլացումը երբեմն հանգեցնում է ցուցանիշների որոշակի վատթարացման: Իսպանիայում, օրինակ, այսօր կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվը կրկին հատել է 200-ի շեմը` առաջին անգամ մայիսի 8-ից ի վեր:
Իտալիայի կառավարության հիմնական ջանքերը համաճարակի հետևանքով տնտեսության կրած վնասները մեղմելու վրա են կենտրոնացած: Ջուզեպե Կոնտեի կառավարության որոշմամբ, առաջիկա ամիսներին պետությունը շուրջ 55 միլիարդ եվրո կծախսի տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով:
Ֆրանսիայի կառավարության գլխավոր նպատակն այս փուլում տնտեսության վերագործարկումն ու ակտիվ համաճարակաբանական միջոցառումների համադրումն է: Այս մասին կառավարության և տեղական ղեկավարների` պրեֆեկտների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը:
«Այն ամենև, ինչի միջով պետք է անցնի մեր երկիրը, իհարկե, աննախադեպ է` թե՛ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինը և թե՛ տնտեսության մասնակի վերագործարկումը, որին զուգահեռ մենք պետք է անենք ամեն ինչ համաճարակը վերահսկողության տակ պահելու համար», - հայտարարել է Մակրոնը:
Ասիական մայրցամաքում կորոնավիրուսին առնչվող հիմնական լուրերն այսօր Ճապոնիայից են ստացվում: Սինձո Աբեի կառավարությունը այսօր վերացրեց Ճապոնիայի 47 նահանգներից 39-ում գործող արտակարգ դրության ռեժիմը։ Արտակարգ դրությունը սակայն շարունակելու է գործել մայրաքաղաք Տոկիոյում և երկրի մեծությամբ երկրորդ մեգապոլիսում` Օսակայում: Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայում կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք է արձանագրվել, 678 մարդ մահացել է:
Իսկ կորոնավիրուսի համաճարակի օջախում` չինական Ուհանում իշխանությունները մտադրվել են թեստավորել քաղաքի բոլոր 11 միլիոն բնակիչներին: Այդ քայլի պատճառը վերջին շրջանում վարակի ներքին տարածման նոր դեպքերի ի հայտ գալն է: Ավելի քան երկու ամիս շարունակված կարանտինի վերացումից հաշված օրեր անց Ուհանում կորոնավիրուսի վեց նոր դեպք է հաստատվել: Չինաստանի իշխանութունները հույս ունեն զանգվածային թեստավորմամբ կանխել կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի տարածումը: