Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 3 հազար 718-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 70-ով և հասել 1500-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 34 հազար 766 է:
Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 65 տարեկան տղամարդ էր, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է հաղորդագրությունում:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 48-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 149 մարդ:
Մինչ այժմ մեկ օրում հաստատված վարակակիրների ամենամեծ թիվը Հայաստանում մայիսի 5-ին էր՝ 163 նոր դեպք:
«Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում», - այսօր ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պետության ղեկավարը մասնավորապես հայտարարեց. - «Վերջին օրերին, ըստ ամենայնի, շատ իրադարձություններ կան, որոնք հանրային մեծ ուշադրություն են ստանում, բայց ուզում եմ ցավով նշել, որ կարծես թե կորոնավիրուսի ճգնաժամը մեր ընդհանուր ուշադրությունից, այսինքն՝ հանրային ուշադրությունից դուրս է մնում, և մենք էստեղ պրոբլեմների առաջ ենք կանգնում»:
Արդեն մի քանի օր կորոնավիրուսի վարակի 100-ից ավելի դեպքեր են արձանագրվում, ինչը, ըստ վարչապետի, նշանակում է, որ «հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի, համատարած կերպով չեն պահպանվում»:
«Մեզնից յուրաքանչյուրը ունի հնարավորություն չվարակվելու և ուրիշներին չվարակելու, եթե պահպանի այն կանոնները, որոնց մասին մենք խոսել ենք. առաջինը՝ պահպանել սոցիալական հեռավորություն, կամ եթե իրար հետ մոտ տարածությունից շփվելու անհրաժեշտություն կա, խոսելու, առանց դիմակների չի կարելի ուղղակի իրար հետ խոսել, առավել ևս՝ փոքր տարածությունից, երկրորդ կանոնը սոցիալական հեռավորության կամ սոցիալական անվտանգության պահպանությունն է, երկրորդ կանոնը՝ չախտահանված ձեռքերով ուղղակի դեմքին չդիպչել», - ընդգծեց Փաշինյանը:
«Մեր մարտավարությունը հետևյալն է՝ քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մի տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ, բայց ապրել զուգահեռ՝ չի նշամակում առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել ուրիշներին և առանց կաշկանդվածության էսպիսի ճգնաժամ ստեղծել», - նշեց վարչապետը:
«Եթե էս տեմպերով մենք գնանք, և նոր հիվանդացությունների դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, և սահմանափակումների նպատակը այն է լինելու, որ հանկարծ մենք չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության՝ այսպիսի վիճակը բացառելու համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բայց մենք բոլորս անհատական պատասխանատվությամբ կարող ենք այս իրավիճակից խուսափել, և ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին, և այդ կանոններից երեքը, իմ կարծիքով, լիարժեք տալիս են հնարավորություն, որ մենք խուսափենք վարակվելուց՝ առաջինը՝ սոցիալական որոշակի հեռավորության պահպանումը, երկրորդը՝ չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, և երրորդը՝ չախտահանված և չմաքրված սպասքից ընդհանրապես չօգտվելը», - ասաց պետության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ այս երեք կանոնները պահպանելու դեպքում «խնդիր չենք ունենա»:
Փաշինյանը վստահեցրեց, որ մայիսի 4-ից հետո սահմանափակումների նվազեցումը «թույլ է տվել, որպեսզի մեր տնտեսությունը վերականգնման որոշակի միտումներ ցուցաբերի, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սոցիալակա՛ն վիճակի վրա»:
Նա նաև հայտնեց, որ երեկվա դրությամբ՝ Կառավարության ընդունած հակաճգնաժամաին միջոցառումների շրջանակներում 73 միլիարդ դրամ է բաշխվել, և այդ ծրագրերից օգտվել են 1,1 միլիոնից ավելի քաղաքացիներ: