Մատչելիության հղումներ

Գալու է մի օր, որ չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից, ասում է Արսեն Թորոսյանը


Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Արսեն Թորոսյան.- Մինչ օրս յուրաքանչյուր հաստատված դեպքի հետևից մենք գնում ենք, ես չեմ ուզում, իհարկե, որ գա այդ օրը, բայց գալու է մի օր, որ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից, այդ թվում նաև իմաստ չի ունենալու փակել որևէ բնակավայր: Եվ մեր ամբողջ խնդիրն այս ընթացքում եղել է այդ օրը հեռվացնելը: Մենք չեմ ուզում ասել` ինչքանով ենք հեռվացրել, որովհետև հայտնի չէ, թե այդ օրը երբ է գալու, բայց մեր խնդիրն է ամեն օր այնպես անել, որ այդ օրը հեռվանա, որովհետև հենց այդ օրը հեռվանա, գալու է այն երկրորդ տարբերակը, որ նույնիսկ մենք չենք էլ փորձելու թեթև և ասիմպտոմ դեպքերին նույնիսկ դրական պատասխան ունենալուց հետո հոսպիտալացնել կամ պահել հյուրանոցներում, այլ գնալու ենք միայն զուտ լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին բուժելու հետևից:

Հիմա բարդություններից մեկը նաև այն է, որ ծայրերը չեն երևում, և դա երկու բանի պատճառ է` կամ բացթողելու, որ այդ ծայրը չենք կարողացել մենք մինչև վերջ գնանք: Դա այնպիսի բարդ աշխատանք է հազարավոր մարդկանց հետ, օրինակ եթե բերեմ, այսօրվա դրությամբ 1746 դեպք ունենք, այդ բոլորը քանի կոնտակտ կարող է ունենային` սկսած մեկից մինչև տասնյակ-քսան, պատկերացրեք` քանի հազար հոգու մասին է խոսքը, և մի քանի հազար հոգի արդեն մեկուսացված է եղել: Այս պահին մեկուսացման մեջ է մոտավորապես 2 հազար 200 հոգի, և մոտավորապես 2 հազար հոգի էլ արդեն դուրս է եկել մեկուսացումից, էլ չեմ հաշվում ինքնամեկուսացումները, որոնք այս պահին մոտավորապես 3 հազար հոգի են: Այսինքն` մենք տասնյակ հազարի հասնող մարդկանց մասին ենք խոսում, որ իհարկե հնարավոր է` լինեն բացթողումներ, որովհետև մեր ռեսուրսները անսահմանափակ չեն, և նույնիսկ եթե այդ ռեսուրսները լինեին, հնարավոր չէ այդ ամենը լոգիստիկ առումով այնպես կազմակերպել, որ որևէ բացթողում չլինի: Բացթողում նկատի ունեմ, ասենք, որևէ դեպքի որևէ կոնտակտ, որը հնարավոր է և դրական լինել:

«Ազատություն».- Կարո՞ղ ենք ասել, որ մեզ մոտ վարակի տարածումը դեռևս չի հասել պիկին, որ դեռ հնարավոր են նոր բռնկումներ:

Արսեն Թորոսյան.- Գիտեք` այդ պիկ ասվածը շատ հարաբերական է, որովհետև կարող են լինել նաև պիկեր: Որպես օրինակ հիմա բերեմ: Ենթադրենք` վաղվանից մեր փաստացի բուժվողների թիվը 885-ից (այսօր ժամը 11-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ) ցածր լինի ասենք մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, մենք կարող ենք ասել, որ այսօր ունեինք պիկ: Բայց եթե դրանից հետո նորից սկսի աճել փաստացի բուժվողների քանակը, որովհետև ավելի քիչ քաղաքացիներ դուրս կգրվեն, եթե ավելի քիչ քաղաքացիներ դուրս գրվեն, և ավելի շատ քաղաքացիներ նոր դրական դեպքեր ունենանք, մենք նորից կունենանք աճ:

Եվ հնարավոր չի կանխագուշակել, որևէ երկրում հնարավոր չի դա անել, երևի բացառությամբ Չինաստանի, որը սպեցիֆիկ դեպք էր` զուտ նեղ աշխարհագրական տարածքում կատարված գործողությունների առումով, հնարավոր չի կանխագուշակել` արդյոք չեն լինելու պիկեր, բազմաթիվ պիկեր մինչև կա՛մ սպեցիֆիկ դեղի, կա՛մ վակցինայի հայտնաբերումը, և կա՛մ բոլորի վարակվել և վարակի մարումը: Հետևաբար, ես չեմ ուզենա հիմա ասել, որ մենք անցել ենք կամ կանցնենք շուտով, անորոշություններն այնքան մեծ են այս վարակի հետ կապված, չնայած որ մենք շատ հաճախ զուգահեռներ ենք տանում այլ ռեսպիրատոր վարակների հետ, բայց շատ զգուշությամբ ենք այդ զուգահեռներն ամբողջությամբ պրոյեկտում, որովհետև շատ բան հայտնի չէ, որպեսզի ասենք` օրինակ, գիտեք` տաք ժամանակ մենք անպայման կունենանք նվազում և հետո կունենանք նորից ակտիվացում: Որպես օրինակ մնացած բոլոր ռեսպիրատոր վարակների` մենք կարող ենք օրինակ դա ասել, բայց շատ զգուշությամբ ենք դա ասում և պատրաստվում ենք ամեն դեպքում դրա չլինելուն, այսինքն` վատթարագույն սցենարին. բոլոր ռեսուրսները պահում ենք մշտական գործունեության մեջ, հիվանդանոցները մշտական պատրաստակամության մեջ, անձնակազմը մշտական պատրաստակամության մեջ, որպեսզի եթե օրինակ` մարում տեղի չունենա տաք սեզոնին, ինչպես մնացած բոլոր ռեսպիրատոր վարակների, մենք դա կարողանանք տանել, այդ բեռը տանել, բայց հույս ունենք, որ օրինակ դա տեղի կունենա: Ես չեմ ուզում` այդ հույսը վերածվի մեր վարքագծի նորից հետվերադարձի մինչկորոնավիրուսային ժամանակաշրջան, բայց այդ հույսը առնվազն մասնագիտական զուգահեռների արդյունք է: Հետևաբար, նորից եմ ուզում պատասխանել Ձեր հարցին` դժվար է ասել` երբ կլինի պիկ, և կլինի արդյոք այդ պիկը, որ մենք պատկերացնում ենք:

Հարցազրույն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG