Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան. Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում


Առողջացածների թիվն աստիճանաբար պետք է մեծանա

Շատ կարևոր է, որ ունենանք երկարատև ժամանակագրությամբ ավելի շատ դուրս գրում, քան նոր դեպքեր, 2 շաբաթ, 1 ամիս տևողությամբ, այդ դեպքում նոր կարող ենք խոսել բռնկման մարման մասին, և եթե այդպես չլինի, նոր հակառակի մասին, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե ռետրոսպեկտիվ հետ ենք նայում, այսինքն` թե քանի օր առաջ ենք ունեցել մեծ թվով ընդունելություն կամ հաստատված դեպքեր, ապա կտեսնենք, որ աստիճանաբար առողջացածների թիվը պետք է մեծանա, քանի որ եղել են օրեր, երբ մենք ունեինք միանգամից 50, մինչև 95 նոր հաստատված դեպքեր, և հետևաբար մոտավորապես հենց այդպես էլ պետք է լինի առողջացումները, իհարկե մի փոքր ոչ ուղիղ կապով, որովհետև մենք հաճախ ականատես ենք լինում դեպքերը, երբ որ 14-րդ օրը կրկին քաղաքացիների մոտ հաստատվում է` նորից դրական, վիրուսի առկայությունը»,- նշեց նախարարը:

Նա նկատեց` քանի որ ասվում է նաև, որ վիրուսը բավական երկար է մնում մարդու օրգանիզմում, և միայն դրա բացակայության մեջ վստահ լինելու դեպքում են դուրս գրում քաղաքացիներին:

Կրկնավարակի դեպքերն էպիզոդիկ են

Օգտատերերից մեկի հարցին` հնարավո՞ր է բուժված, դուրս գրված հիվանդների մոտ կրկնվի վիրուսը, նախարարը արձագանքեց.- «Այս կարճ ժամանակահատվածում՝ վարակի 4-րդ ամսում ենք համաշխարհային մակարդակով այս պրոցեսի, եղել են նկարագրված դեպքեր (ընդհանուր առմամբ), երբ դուրս գրված քաղաքացիների մոտ կրկին հաստատվել է վիրուսի առկայությունը, սակայն այդ դեպքերը շատ էպիզոդիկ են, և նաև կասկած կա, թե արդյո՞ք դուրս գրվելու պահին ճիշտ է կատարվել հետազոտությունը, և նրանք հենց դուրսգրման պահին չի, որ եղել են դրական, պարզապես սխալ պատասխանի պատճառով են դուրս գրվել, թե՞ ինչ-որ ժամանակ հետո տեղի է ունեցել կրկնավարակ՝ ռեինֆեկցիա: Այդ հարցի պատասխանը դեռ չկա, և դրա կանխարգելման առնվազն մեկ եղանակը այն է, որ քաղաքացիները դուրս են գրվում, միայն եթե 2 օր անընդմեջ նրանց մոտ 2 տարբեր թեստեր ցույց են տալիս բացասական արդյունք: Դա երաշխիքներից մեկն է, որ մենք ունենք: Եվ երկրորդը՝ որ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հիմա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ցուցված է ինքնամեկուսացման ռեժիմը, և նույնը վերաբերում է նաև բուժումից հետո դուրս գրված քաղաքացիներին»:

Մեկ այլ հարցին, թե արդյոք հետևանքներ մնում են վիրուսից ապաքինվելուց հետո, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այս, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված մի շարք հարցեր դեռևս ուսումնասիրման փուլում են, սակայն այս ժամանակահատվածի հայկական փորձը թույլ է տալիս ասել, որ քաղաքացիները դուրս են գրվել առանց որևէ լուրջ առողջական խնդրի, «պրակտիկ առողջ»:

Ինչ վերաբերում է ախտանիշներ չունենալու, սեփական հանգստության համար թեստավորվելու հնարավորությանը, ապա Արսեն Թորոսյանը շեշտեց, որ այս պահին դա հնարավոր չէ, և հավելեց.- «Այս պահին ոչ, որովհետև ամեն դեպքում թեստավորումն արվում է ըստ ցուցումների, և դա պատահական չէ, այն երկարատև ու բարդ պրոցես է, որը պետք է արվի ըստ ցուցումների, բայց ունենք նախնական տեղեկատվություն, որ որոշ լաբորատորիաներ հնարավոր է սկսեն վճարովի անել այս հետազոտությունը, խոսքը Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մասին է, ոչ թե արագ թեստերի, երբ որ օրգանիզմի հյուսվածքներում հայտնաբերում ենք վիրուսի ՌՆԹ-ն, հնարավոր է, որ այդպիսի վճարովի հետազոտություններ ներդրվեն Հայաստանում, և դրանք արվեն «հոգու հանգստության համար»: Չնայած դրա կատարման էֆեկտիվությունն ու օգտակարությունը ևս պետք է հասկանալ, որովհետև այդ պարագայում հետազոտությունը պետք է անել գրեթե ամեն օր, որ դու ամեն օր վստահ լինես, որ 3 կամ 5 օր առաջ չես վարակվել»:

Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում

Օրեր առաջ իր ասուլիսում նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ 1-2 տարի նախկին կյանքին չենք կարող վերադառնալ: Ի պատասխան հարցի` ի՞նչ նկատի ուներ` դեռ 2 տարի ձեռնոցներո՞վ, դիմակներո՞վ, սոցիալական հեռավորությունը պահելո՞վ պետք է ապրենք, նա պարզաբանեց.- «Հավանաբար այո, որովհետև նույնիսկ եթե մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդության տարածման անկում, ինչին ձգտում է ամբողջ աշխարհը, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում, այսինքն` կա մեծ հավանականություն, որ աշնանը` ցրտերն ընկնելուն պես, տարբեր երկրներում տարբեր սեզոններում կրկին կվերսկսվեն բռնկումները, որովհետև վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա»:

Արսեն Թորոսյանը ավելացրեց` առնվազն մեկ տարի, եթե գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով, կրկին այս մարտահրավերի առաջ կանգնելու հավանականություն կա, ինչը նշանակում է, որ դեռ երկար խստիվ պետք է պահպանել բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները, սոցիալական հեռավորությունը:

Բուժաշխատողների պաշտպանությունը եթե ոչ առաջին, ապա երկրորդ գերակայությունն է

Հարցին էլ՝ «ամբողջ աշխարհում բժշկական պարագաների դեֆիցիտ կա, Հայաստանում չկա՞ այդ խնդիրը», առողջապահության նախարարն արձագանքեց. - «Դա, կարելի է ասել, եթե չասեմ՝ առաջին, ապա երկրորդ գերակայությունն է, որովհետև եթե մենք չունենանք պաշտպանված բուժաշխատողներ, ապա մենք չենք կարողանա հոգ տանել պոտենցիալ վարակակիրների մասին, բուժվող մեր քաղաքացիների մասով չենք կարող հոգ տանել: Եվ ես կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում չենք ունեցել էնպիսի մի օր, որ մենք դիմակ չունենանք բուժաշխատողների համար: Մենք ունեցել ենք, այո, դժվարություններ, որ, օրինակ, գրեթե դրանք սպառվելու վրա են եղել, կամ շատ թանկ են եղել, բայց մենք գոնե բուժաշխատողների մասով միշտ կարողացել ենք ձեռք բերել թե՛ ներքին շուկայից, թե՛ արտաքինից, թե՛ կարողացել ենք հումք ներկրել Հայաստան և Հայաստանում կարել դիմակներ, պաշտպանիչ շորեր»:

«Մենք հիմա էլ բանակցում ենք, օրինակ, մի կարի արտադրամասի հետ, որ 100 հազար միանվագ օգտագործման արտահագուստ մեր համար կկարի՝ հատուկ հաստոցներ ներկրելուց հետո, և էդ ամեն ինչը շարունակական պրոցես է», - նշեց Արսեն Թորոսյանը:

«Հիմա կարող եմ ասել, որ վերջին ինքնաթիռով մենք բավականին մեծ թվով պաշտպանիչ դիմակներ, հագուստ և ակնոցներ ենք ստացել, որոնք մեզ դեռ երկար ժամանակ կբավականացնի, և նոր համալրումների մասին արդեն մտածում ենք՝ համարելով բուժաշխատողների պաշտպանությունը որպես եթե ոչ առաջին, ապա երկրորդ գերակայություն», - ընդգծեց առողջապահության նախարարը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG