Մատչելիության հղումներ

Չարբախից 3-րդ մաս ոտքով եմ եկել` հիվանդին խնամելու. թոշակառու


Անձրևոտ և մռայլ եղանակը նպաստում է, որ քաղաքացիները ավելի լավ հետևեն տանը մնալու հորդորին: Արտակարգ դրության այլ օրերին բակերում հանդիպող կուտակումներ այսօր չտեսանք, քաղաքացիները կատակում են՝ եղանակը պարետի ամենամեծ օգնականն է.- «Էնքան բան ենք տեսել, էլ ինչ վախենանք, նոր իջանք, խնձոր էին ծախում, իջանք, 2 մետր էլ հեռու ենք կանգնում իրարից»:

Իսկ փողոցում «Ազատությանը» հանդիպած քաղաքացիների մեծամասնությունն էլ ասում էր՝ գնումներ անելու համար են դուրս եկել: Կենտրոնից հեռու թաղամասերում էլ հիմնականում տեղաշարժման թերթիկ չունեին, արդարանում են` չէ՞ որ տասը րոպեով թաղի խանութ են իջել: Նկատենք, սակայն, թերթիկը պարտադիր է նաև այս դեպքում.- «Ունենում եմ, բայց կոնկրետ հիմա չունեմ»:

Մյուս քաղաքացին էլ ասում է` ամեն օր տնից դուրս չի գալիս.- «3 օրը մեկ, եթե հացը պակասում է»:

72-ամյա Սուսաննան արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած տնից դուրս չի եկել: Լսել է վարչապետի ֆեյսբուքյան եթերը ու լիահույս է, որ առաջիկայում սահմանափակումները կթուլացնեն, իսկ մինչ այդ իր համար մաքուր օդի միակ աղբյուրը բաց պատուհանն է.- «Վախեցած ենք, դուրս չենք գալիս, ընդհանրապես ես դուրս չեմ գալիս»:

67-ամյա տիկին Թագուհին սահմանափակումները չափազանցված է համարում։ Հարցնում է՝ ի՞նչ կարիք կար կասեցնել հանրային տրանսպորտի աշխատանքը: Չարբախից ոտքով է հասել 3-րդ մաս` հիվանդ եղբորը խնամելու համար: Թոշակառուները տեղաշարժ տաքսիով կազմակերպելու հնարավորություն չունեն, պետությունն էլ այլընտրանք չի առաջարկում.- «Ոտքերս ցավում են, ծնկներս ցավում եմ, հիվանդ վիճակում եմ, ռևմատիզմի ցավեր ունեմ, մանավանդ այս եղանակին, ոտքով հասել եմ, ոչ կարամ տաքսի վերցնեմ, ոչ կարամ ինչ-որ մեկին խնդրեմ, որ օգնի, ժամկետը երկարացնելու համար բժշկի պետք է տանենք, անձնագիր է պետք, էն էլ մինչև ժամը 11-ն էին աշխատում: Գոնե տրոլեյբուսը պիտի աշխատի, որ գոնե դրանից օգտվեն մարդիկ»:

Եթե կենտրոնում հսկողություն իրականացնող ոստիկաններին կարճ շրջայցի ընթացքում մի քանի անգամ հանդիպեցինք, ապա ծայրամասերում նկարահանումների ընթացքում ոստիկանական խմբեր չտեսանք: Ոստիկանությունից փոխանցում են` գերատեսչությունում աշխատանքի տեմպերը չեն նվազել:

Այսօր ժամը 9-ից մինչև 15-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Իսկ ընդհանուր թվով մինչև օրս նման արձանագրություն է կազմվել 6982 անձի նկատմամբ` 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։ Ոստիկանության տեսադաշտում հայտնված այս անձինք կտուգանվեն, թե ոչ, կորոշվի վարույթի քննության ավարտին, որը կրկին ոստիկանությունն է իրականացնում: Այս մասին վերջին թարմացումը իր մամուլի ասուլիսին երեկ հայտնել է փոխոստիկանպետ Հայկ Մհրյանը.- «Այս պահի դրությամբ 1735 անձի նկատմամբ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ, մանրամասները քանակի հետ կապված 1700-ից ավելի են, ես չէի կարող հիմա տիրապետեի»:

XS
SM
MD
LG