Պարետատնից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգն արդեն գործում է։
Անցած շաբաթ մեծ քննադատությամբ և բացառապես իշխանական պատգամավորների ձայներով Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն, նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։
Պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ օպերատորների մոտ արդեն տեղադրված է վերլուծական համակարգը։ Տվյալներին չեն կարող հասանելիություն ունենալ և դրանք չեն կարող մշակել Կառավարության որոշման մեջ չնշված գերատեսչությունները։
«Օպերատորները ընդհանուր տվյալների բազային մուտք գործելու հնարավորություն չունեն», - ասաց Բադալյանը՝ վստահեցնելով, թե տեղեկատվությունը բացառապես փակ պաշտպանված կապուղու միջոցով է փոխանցվում տվյալների կենտրոն․ - «Իրենց մոտ գալիս է մի հատ հեռախոսահամար և անուն-ազգանուն, և իրենք զանգում են։ Այսինքն, փորձեն գտնել մեկի կապը մյուսի հետ, բացառվում է դա»։
Պարետատունն է համակարգում կորոնավիրուսից մարդկանց պաշտպանելու, կյանքեր փրկելու այս ծրագիրը, որով նախատեսվում են մի շարք գործողություններ։ Փոխվարչապետի խորհրդականը ներկայացնում է առաջին քայլը, որով հստակեցվում է վարակակրի հետ շփվածների շրջանակը․ - «Տվյալները մնում են բջջային օպերատոների սերվերներում։ Մենք փոխանցում ենք այն հեռախոսահամարը, որը մեզ հետաքրքիր է, դա հիվանդի հեռախոսի համարն է։ Այդ ժամանակ արդեն իրենց սերվերներում հատուկ ծրագրային ապահովման միջոցով որոշվում է շփման շրջանակը։ Երբ որ որոշվում է շփման շրջանակը, նոր այդ հեռախոսահամարն է փոխանցվում մեզ՝ միայն այն մարդիկ, ովքեր պոտենցիալ շփում կարող է ունեցած լինեն հիվանդի հետ։ Մեզ այդ շրջանակն է միայն հետաքրքրում»։
Վարակակրի հետ շփված քաղաքացին հաղորդագրություն է ստանում մեկուսանալու մասին։ Նրան է ուղարկվում նաև այն հղումը, որով կիրառվելու է ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու և ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և փոխանցելու ծրագիրը։
«Հիվանդների տվյալների հավաքագրումը և փոխանցումը ավտոմատացված եղանակով դեպի ԷԿԵՆԳ սերվեր, դա իրականացվում է, SMS հաղորդագրությունները, որ պետք է գնան ինքնամեկուսացվածներին, հիմա գործածման փուլում է, դա աշխատում է։ Ինքնամեկուսացվածների հետ շփումը, իրենց առողջական վիճակի մասին, սննդի կարիքների մասին, կանոնների պահպանման մասին, այդ մասը գործում է։ Նաև իրենց ինքնամեկուսացման վայրի պահպանման, այդ տեղորոշման մասը նույնպես գործում է․ եթե իրենք լքում են ինքնամեկուսացման վայրը, այդ հաղորդագրությունը ավտոմատ գնում է ոստիկանությունը, և նրանք կամ զանգահարում են, կամ հատուկ օպերատիվ խմբին ուղարկում են՝ տեղում պարզելու, թե ինչն է պատճառը, որ լքել է», - փոխանցեց Բադալյանը։
Փոխվարչապետի խորհրդականի խոսքով, իշխանությունն ի սկզբանե հայտարարել է՝ քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների և հաղորդագրությունների բովանդակությունը բացահայտելն արգելված է օրենքով, այն իրենց անհրաժեշտ չէ։
Կառավարության որոշման համաձայն, ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց՝ առանց տվյալները մշակելու իրավունքի:
Բագրատ Բադալյանի խոսքով, եթե պարզվի, որ մեկուսացված քաղաքացիները սննդի խնդիր ունեն, ապա նրանց սնունդ է հատկացնելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․ - «Եթե կա առողջական խնդիր, ապա փոխանցվում է նույն Պարետատանը գործող այլ թեժ գիծ, որտեղ հիմնականում համաճարակաբաններն են նստած։ Իրենք են զանգահարում, փորձում են ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ, եթե անհրաժեշտ է, փոխանցում են արդեն համապատասխան պոլիկլինիկական բուժհաստատություն՝ թեստավորում կազմակերպելու և իրականացնելու համար։ Եթե մարդը շատ ծայրահեղ վիճակում է սննդի տեսանկյունից, այլ մարդ չկա, որ սնունդ մատակարարի, ադյ տեղեկատվությունը ավտոմատ հավաքագրվում, փոխանցվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ սնունդ մատակարարելու համար։ Այսինքն սա ընդհանուր մի ծրագիր է, բավականին մեծ մի ծրագիր է»։
Քանի որ մինչև այժմ շփման շրջանակը պարզում էին միայն համաճարակաբանները, նոր համակարգի ներդրմամբ դա լրացվելու է նաև այս ծրագրով։ Եթե քաղաքացին հրաժարվի մեկուսանալ, այստեղ արդեն անելիք կունենա ոստիկանությունը։ Պաշտոնյայի փոխանցմամբ, դեռևս հրաժարվողներ չեն եղել։