Մատչելիության հղումներ

Տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար 166 քաղաքացի տուգանվելու է 100-250 հազար դրամով


Քաղաքացիների տեղաշարժը ձևաթղթով պարտադիր դարձավ մարտի 25-ից։ Անգամ խանութ գնալու համար ձևաթղթում պետք է լրացնեն տեղաշարժի հասցեն, ժամը և նպատակը: Չնայած արտակարգ դրության ռեժիմի խստացմանը, փողոցներում տեղաշարժի սահմանափակումների խախտումների պակաս չկա։

«Հիմա ես արդեն ստացա իմ զգուշացումը». - Զոյա Զաքարյանը խոստացավ հաջորդ անգամ տնից դուրս գալ ձևաթղթով, հատկապես երբ տեղեկացավ՝ դրա բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ իր գրպանի վրա։

Արտակարգ դրության ռեժիմը, ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար 166 քաղաքացի տուգանվելու է 100-250 հազար դրամով, «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանության Երևանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը:

«166-ի նկատմամբ վարույթն արդեն ավարտվել է: Այո, որոշումը կայացվել է, և նրանք պետք է մուծումները կատարեն՝ 100 հազարից 250 հազարի չափով, իսկ գումարի չափն արդեն որոշում է վարույթն իրականացնող մարմինը: Բացի ձևաթուղթը նրանք իրենց հետ պետք է ունենան իրենց անձնագիրը և պետք է դրսում լինեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որոնք սահմանված են արդեն պարետի որոշմամբ», - ասաց Ավետիսյանը:

Խախտումների քանակն ամբողջ հանրապետության տարածքում գերազանցում է 5 հազարը, բայց այս պահին ավարտվել է 166 արձանագրության վարույթի քննությունը:

«Կրկին հորդորում ենք քաղաքացիներին բնակարաններից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլապես բոլոր իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության», - նշեց հասարակական կարգի ապահովման բաժնի պետը:

Ազատ տեղաշարժի սահմանափակումների, մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնների խախտումներից բացի, արձանագրություն է կազմվել նաև 11 տնտեսվարողի նկատմամբ, կտուգանվեն թե ոչ, հայտնի կդառնա քննության ավարտից հետո։

«Շուրջ 800 տնտեսվարող սուբյեկտ իրազեկվեց, դրանց մի մասն արդեն իսկ կամավոր դադարեցրել էին իրենց գործունեությունը, իսկ մնացածը ոստիկանության իրազեկումից հետո դադարեցրին: Եղել են դեպքեր, որ խախտումներ են կատարվել և դրանցից 11-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն, վարույթն ընթացքի մեջ է, տուգանվելու են», - ասաց Տիգրան Ավետիսյանը:

Ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտելու տուգանքների մասին քաղաքացիները լսել են, դեմ չեն, բայց միայն ձևաթղթի բացակայության դեպքում արդյունավետ չեն համարում։

XS
SM
MD
LG