Հայաստանում կորոնավիրուսի վարակի երեք նոր դեպք է հաստատվել. երկուսը Հայաստանի քաղաքացիներ են՝ 45 և 27 տարեկան, մեկը՝ Իտալիայի 51-ամյա քաղաքացի:
Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդը ջերմում է և թոքաբորբ ունի։ Նրանք բոլորն էլ Հայաստան են եկել Իտալիայից, սակայն տարբեր չվերթներով, ընդ որում նրանցից երկուսը ավելի քան 10 օր է, ինչ Հայաստանում են։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին կորոնավիրուսով երեք նոր անձանց շփման շրջանակը պարզ է, մարդիկ, ում հետ նրանք սերտ շփվել են, մեկուսացված են՝ ընդհանուր առմամբ 57 հոգի:
«Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, այսինքն՝ իրենք չեն լքելու իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն ապրում այդ շենքում», - նշեց նախարարը:
Կորոնավիրուսի վարակով երկու հայաստանցիներից մեկը Էջմիածնից է. 45-ամյա կինը փետրվարի վերջին է Միլանից եկել և օրեր առաջ էլ նշանադրել է որդուն 40 հոգանոց խնջույքով։ Ինչպե՞ս են ռիսկային գոտուց եկածները հսկողության տակ պահվում կամ ինքնամեկուսացվում, առողջապահական գերատեսչությունը նրանց ինքնամեկուսացման հորդորով տուն էր ուղարկում։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ դա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվության հարցն է։
«Ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը միակ գործիքն է՝ էպիդեմիաները կանխարգելելու: Եթե վիրուսը տարածվում է, նաև գաղտնի շրջանով, վիրուսը տարածվում է շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների», - ասաց նախարարը:
Առավոտից Էջմիածնում շտապօգնության ու ոստիկանության բազմաթիվ մեքենաներ էին շրջում, սա քաղաքի բնակիչների համար տագնապի առիթ էր դարձել։ Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պարզաբանեց՝ խուճապի կարիք չկա, մեքենաները վարակակիրների չեն տեղափոխում, այլ մարդկանց, ում հետ շփվել է վարակակիրը:
«Տվյալ անձանց մեկուսացնում են, որպեսզի թեստավորեն, ջերմաչափում անեն և տեսնեն՝ նրանց մոտ արդյոք կան նշաններ, նախանշաններ, թե ոչ», - ասաց քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Մելսիդա Չիլինգարյանը տեղեկացրեց՝ էջմիածինցի կինը վերադառնալուց հետո տեղամասային բժշկի հսկողության տակ է եղել, բայց որդու նշանադրության մասին ոչինչ չի ասել. - «Իրենց իհարկե, հորդորել եմ, որ իրենք քիչ շփվեն, բայց այստեղ ուրիշ հարց, որ չեն լսել, նշանդրեքի մասին հաջորդ օրն է իմացվել»:
Առողջապահության նախարարն այսօր էլ կորոնավիրուսի օջախներից վերադարձածներին հորդորել է ինքնամեկուսացվել: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության ու արդարադատության նախարարներին հանձնարարել է տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվության տարբերակներ մշակել։
«Հիմա ինձ տարեք, փակեք մի տեղ, մինչև հասկանանք, որ ես հիվանդ չեմ, ինձ համար դա է կարևորը», - ասում է Միլան-Երևան վերջին, երկու օր առաջ կայացած թռիչքով Երևան եկած Նվարդը, ով պնդում է՝ ռիսկային գոտուց եկածներին պետք էր առանձնացնել հատուկ վայրում՝ հաշվի առնելով հայկական առանձնահատկությունները: Կոնկրետ ինքը մեկուսացել է իր իսկ տանը, բայց դեռ օդանավում է հասկացել՝ համախոհներ չունի. - «Օդանավի մեջ մի քանի տղաներ կային՝ մեր հայկական այդ կերպարներով, այսպես ասեմ՝ քյառթու, որ հենց այն խոսակցությանը ականատես եղա, որ ասում էին՝ ախպերս, մենք եկել ենք այստեղ մեր քվոր հարսանիքին, կարող ա գիտես՝ գնալու ենք, տունը նստենք: Ու ես համոզված եմ, որ իրենք այդպես էլ կանեն: Խնդիրն այն է, որ սա շատ լուրջ հարց է, ու մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի առաջ, եթե նման հարցը խախտում են, որովհետև սա միայն իրենց առողջությանը չի վերաբերում, ամբողջ մի ազգի մասին է խոսքը, ու իրենք վտանգի տակ են դնում իրենց անմտածված և հիմար քայլերով»:
Այս օրերին փակվել են իտալական չվերթները: Իտալիայում մնացած հայաստանցիների համար կառավարությունը կազմակերպում է Հռոմ-Երևան չարթերային թռիչքը, օդանավը վայրէջք կկատարի այս կիրակի: Որոշվել է՝ բոլոր ուղևորները միանգամից և 14 օրով հատուկ վայրում կմեկուսացվեն։ Նախարար Թորոսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված նոր սահմանափակումների որոշում կայացվի՝ դպրոցում դասերի կամ հանրաքվեի քարոզարշավի հետ կապված. - «Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր էլի որոշում կկայացի նոր իրավիճակի վերաբերյալ: Որոշումն այս պահին դեռ կայացված չէ, թե չէ ես կհայտնեի, սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված»:
Ի դեպ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասերն արդեն դադարեցվել են. Իտալիայի վարակակիր քաղաքացին նույն շենքում, բայց այլ ընկերությունում է աշխատում։ Երևանում որոշ միջոցառումներ են չեղարկվել, օրինակ՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, Կենտրոնական բանկը հայտարարել է շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամները աստիճանաբար նորով փոխարինելու մասին, միաժամանակ քաղաքացիներին հորդորել հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից:
Այս պահին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանում գրանցված է կորոնավիրուսի 4 դեպք, բոլոր վարակակիրները «Նորքի» ինֆեկցիոնում են, նրանց հետ շփված անձինք՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում:
«Ազատությունը» զրուցեց 12 օր այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկի հետ, ասաց՝ հյուրանոցի նոր բնակիչների շարժին հետևում է պատուհանից, շփման եզրեր չկան, մեկուսացած են հյուրանոցի սենյակներում. - «Շտապօգնության մեքենաները, որ գալիս են, մարդ են բերում, ու հեռվից ես տեսնում եմ, որ ցած են գալիս, բայց քանի հոգի են, ինչ են, այդքան պարզ չի, մենք երկրորդ հարկն ենք, իրենք երրորդ հարկում են, ընդհանրապես չենք տեսել իրենց»:
Քաղաքացին պատմեց՝ զբաղմունք գտնում են, փորձում են չձանձրանալ. - «Wi-Fi ունենք, ինտերնետ ունենք, կարող ենք Youtube-ով ֆիլմեր նայել, տելեվիզոր կա»:
Իտալիայից եկած երեք վարակակիրների շրջապատը կմեկուսացվի 14 օր, իսկ Թեհրանից չվերթի քաղաքացիները վաղը կրկնակի թեստ կհանձնեն ու հույս ունեն՝ ազատ են: