Կարանտին չի արվել Իրանից Հայաստան ժամանած բոլոր քաղաքացիների համար, որովհետև ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հավելելով, որ այդ մեթոդը խորհուրդ չի տրվում որևէ առողջապահական կազմակերպության կողմից:
Նշենք, որ այսօր Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նա 29 տարեկան ՀՀ քաղաքացի է, ժամանել է Թեհրանից:
«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը: Հենց այդպես էլ պետք է լիներ: Հենց Թեհրանից բոլորը` և ուղևորները, և անձնակազմը դիմակով են եղել, օդանավակայանից դուրս են եկել առանձին ուղիով և վտանգ չեն ներկայացրել շրջապատող մարդկանց համար: Ամեն դեպքում, եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով հիվանդ անձ, խորհուրդ է տրվում դրանից երկու շարք առաջ և երկու շարք հետ գտնվող շարքերը մեկուսացնել 14 օրով: Այդ պատճառով մեկուսացվել են 32 հոգի, մեկուսացվել են մեքենաները, որոնք փոխադրել են նրանց: Այդ մարդիկ տաքսի չեն նստել: Քաղաքացին հիվանդանոց գնացել է շտապօգնության մեքենայով, որի անձնակազմը ևս մեկուսացվել է», - նշեց նախարարը` հավելելով, որ վարակված տղամարդու կնոջ մոտ վիրուսի առկայություն չի հայտնաբերվել:
Ըստ նախարարի` այս պահին մեկուսացված 32 անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ մինչև այսօր իրականացված միայն մեկ թեստն է եղել դրական, իսկ կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացին չի ջերմում:
«Ամեն դեպքում, մենք բոլորին պահում ենք հսկողության տակ»,- ասաց նախարարը: Միաժամանակ նա շեշտեց` արվում են բոլոր բավարար ու անհրաժեշտ միջոցառումները. - «Ես երեկ եղել եմ մաքսային տերմինալում, որտեղ մեքենաները Իրանից գալիս են. շփումը մինիմալիզացված է, պարզապես բեռների փոխադրում է լինում իրանական մեքենայից հայկական մեքենա, իսկ իրանական բեռները հետ են մեկնում Իրան»:
Առողջապահության նախարարը հիշեցրեց` կորոնավիրուսի մահացությունն, ըստ վիճակագրության, 50 տարեկանից բարձր անձանց վրա է ազդում, ինչպես օրինակ` գրիպը: Նա նաև նշեց, որ նման հիվանդությունները տարվա տաք եղանակին նահանջում են, Հայաստանում եղանակը բարենպաստ է, որ վիրուսները ոչնչանան:
Նախարարությունը խորհուրդ է տալիս մարդկանց հաճախ լվացվել, խուսափել հիվանդ մարդկանց հենց շփվելուց, կրել դիմակ, եթե կա նման անհրաժեշտություն, օդափոխել սենյակները, դադարել որոշ ժամանակով համբուրվելով բարևել, ձեռքով բարևել:
Ինչ վերաբերում է դիմակներին, ապա նա նկատեց` կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Ինքը տեղյակ է, որ դիմակները շատ երկրներում թանկացել են, այդ թվում` Հայաստանում:
«Հայաստանը դիմակ է ներկրում երկու հիմնական ուղություններից՝ Իրան, Չինաստան: Այս երկու երկրներում էլ կա դիմակների կարիք: Դիմակ արտադրողները պետք է մեծացնեն իրենց հզորությունները: Առաջիկայում 50.000 դիմակ է ներկրվելու բուժաշխատողների համար, ովքեր ռիսկի խումբ են: Կա մի տարբերակ, որ հնարավոր է Հայաստանում արտադրություն հիմնվի, բայց մարդիկ մտածում են՝ կարո՞ղ են հետո վաճառել դիմակ, թե՞ ոչ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով գործարարներին մտածել դիմակներ արտադրելու ուղությամբ: Ըստ նրա՝ դիմակը հենց այնպես փողոցում կրել պետք չէ, պետք է կրի այն մարդը, ով հիվանդ է կամ նա, ով անմիջականորեն շփվում է հիվանդի հետ։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր երթ` Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակին, սակայն կորոնավիրուսի առկայության պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեղարկեց այն:
Նախարարի ամբողջական ասուլիսը կարող եք դիտել այստեղ.