Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանների միջնորդության քննությունը:
Պաշտպանական կողմի միջնորդության հիմքում այն է, որ սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածը 2008-ին չի եղել, հետևաբար երկրորդ նախագահը չի կարող հետապնդվել: Մինչդեռ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էական համարեց փաստը, որ արարքը թե՛ 2008 թվականին, թե՛ մեղսագրման պահին համարվել է հանցագործություն. - «Նոր հանցակազմ հասկացողություն մեկնաբանությունը կյանք կունենա այն պարագայում, եթե հիմնավորվի, որ սահմանադրական կարգ տապալելը Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականին որպես հանցագործություն նախատեսված չի եղել: Հենց դրա մասին է վկայակոչված նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ, որտեղ պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղիղ հարցադրում է կատարվել՝ այս պայմաններում օրենքը հետադարձ ուժ կունենա՞, թե՞ ոչ: Վենետիկի հանձնաժողովը հստակ պատասխանել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանդրական նորմերը, հետադարձ ուժի կիրառության կանոնները՝ պատասխանել է՝ եթե եղել է հանցագործություն, եթե նախատեսված է եղել քրեական օրենսգրքով և մինչ այսօր մնում է որպես հանցագործություն, դա չի կարող դիտարկվել որպես արարքի հանցավորության վերացում և անձանց նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդման դադարեցում»:
Պաշտպանական կողմին տրված եզրափակիչ ելույթի ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանը զուգահեռներ անցկացրեց Քոչարյանի և 2008 թվականի դեպքերից հետո ընդդիմադիր գործիչների դատավարությունների միջև: 2008 թվականին «Յոթի գործով» ամբաստանյալներին և Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300 հոդվածով՝ իշխանության յուրացում: Հետագայում՝ 2009 թվականին, այն ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկած փոփոխությամբ 300 հոդվածը փոփոխվեց, և ավելացվեց 300.1 հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալում:
Ալումյանը հղում է անում նախկին ընդդիմադիրներ Փաշինյանի և մյուսների գործով դատախազների մեկնաբանությանը, որում ասվում է, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է պարունակում և չի կարող կիրառվել 2008 թվականի մարտյան դեպքերի վրա, և պահանջում է նույն սկզբունքով առաջնորդվել նաև հիմա:
«Այդ յոթ հոգին, գումարած Նիկոլ Փաշինյանը միայն այդ պատճառով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել ու հավանաբար միայն այդ պատճառով մինչև հիմա բանտում նստած չեն, որովհետև այն ժամանակ այդտեղ նստած վեց դատախազները համարում էին, որ 300.1 հոդվածը, որն ընդունվել է 2009 թվականին, 2008 թվականին գործող 300 հոդվածի համեմատ նոր հանցակազմ է սահմանում: Մենք հիմա ի՞նչ ենք ասում: Մենք ընդամենը մի բան ենք ասում՝ խնդրում ենք կիրառել այդ նույն իրավական վերլուծությունները, նույն ձևով օրենքը կիրառել այս գործով այստեղ այսօրվա ամբաստանյալների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք խնդրում ենք օրենքը կիրառել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այդ օրենքը կիրառվել է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, որպեսզի պարզ լինի էլի խնդիրը», - ներկայացրեց Ալումյանը:
Հաշվի առնելով դատարանում հնչող հայտարարությունների քաղաքական տողատակերը՝ «Ազատությունը» դատախազ Գևորգ Բաղդասարյանից հետաքրքվեց՝ այս գործերի վերաբերյալ թե՛ նախկինում, թե՛ հիմա քաղաքական վերնախավից որևէ հրահանգներ ստացել են, թե ոչ: Նախկինի հետ կապված ասաց՝ մեկնաբանել չի կարող. առնչություն չի ունեցել: Ինչ վերաբերում է ներկայիս, ասում է՝ իր մեկնաբանությունների տակ որևէ քաղաքական տարր չկա. - «Ես չեմ շփվում որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող որևէ անձի հետ: Այն, ինչ որ ասում եմ դատարանում, վստահեցնում եմ Ձեզ շատ անկեղծ, ամբողջությամբ օրենսգրքի, ամբողջությամբ պաշտպանության կողմի փաստարկների վերլուծության կապակցությամբ իմ մեկնաբանություններն են: Այն, ինչ հայտարարել եմ դատարանում, չեմ տվել՝ որևէ մեկը կարդա»:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հակադարձում է՝ 2009 թվականին Փաշինյանի և մյուսների գործով դատախազների մեկնաբանությունն այս դեպքում կիրառելի չէ, քանի որ նախ այդ մեկնաբանությունն այսօրվա մեղադրող կողմի համար պարզ չէ, բացի այդ, ասում է՝ այս երկու գործերով փաստական հանգամանքները տարբեր են․ - «Նախկինում քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված է եղել պետական իշխանությունը յուրացնելը: Դրա մեջ՝ այդ հոդվածի ներքո, թվարկված է եղել որպես հանցավոր արարք նաև սահմանադրական կարգը տապալելը: Հիմա սահմանադրական կարգը տապալելը նախատեսված է նոր հոդվածի ներքո, ուղղակի այլ թվի ներքո՝ 300 հոդվածի փոխարեն՝ 300.1 հոդվածի ներքո: Բանավեճը հետևյալն է՝ սահմանադրական կարգի տապալելը նախկինում որպես հանցագործություն նախատեսված եղել է, թե ոչ, մենք պնդում ենք, որ նախատեսված եղել է, նախկինում 300 հոդվածի ներքո և պետական իշխանությունը յուրացնելու հանցակազմի մեջ, հիմա՝ առանձին»:
Չնայած չէր նախատեսել, բայց խոսեց նաև երկրորդ նախագահը։ Կարճ արձագանքեց տուժողի իրավահաջորդների փաստաբան Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականին ոստիկանությունն անմիջականորեն ենթարկվում էր նախագահին, այսինքն՝ Քոչարյանին։ Ուղղեց փաստաբանին՝ այն ժամանակվա Սահմանադրությամբ ոստիկանությունը ենթարկվում էր վարչապետին: Հիշեցնենք, վարչապետը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր:
«Նախագահի լիազորությունները զուտ սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով», - ասաց Քոչարյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հաստատեց, որ միջնորդության մերժման դեպքում դատարան կբերեն նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այդ ցանկում են Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևն Քոչարյանն ասում է՝ երկրորդ նախագահի ընտանիքի անդամներն անձնապես որևէ մեկին չեն դիմել նման երաշխավորություն ներկայացնելու համար: