Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:
«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը», - ասված է հայտարարության մեջ։
Նախորդ տարվա մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռոբերտ Քոչարյանին։
Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական նիստը նշանակված է վաղը: