Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, Երևան, 21 հունվարի, 2020թ.
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, Երևան, 21 հունվարի, 2020թ.

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց Արմեն Գևորգյանի և Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախքան նիստը գրություն է ստացել, որով պաշտպանները նշել են, որ գտնում են, որ հունվարի 9-ին պաշտպանության կողմի հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչվեցվել է սպառնալիք, և որ դատարանը պատշաճ չի արձագանքել նման իրավիճակին: Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված է իր իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, այդ պատճառով էլ չեն ներկայացել նիստին:

Նշենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր՝ այդ անգամ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Միհրան Պողոսյանն իր գրության մեջ նշել էր. «Փաստաբանների հասցեին «սպանված հարազատ ունենալու» սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում, և պաշտպանների իրավական միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու հնարավորությունը դատավարության որոշ մասնակիցներ օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, իսկ դատարանը կրկին որևէ միջոց չի ձեռնարկում սույն գործողությունները կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական և ողջամիտ հնարավորությունից»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նկատողության տեսքով:

Երեկ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ այսօրվա նիստին ինքնաբացարկ են հայտնելու դատավոր Դանիբեկյանին:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 13:00-ին:

XS
SM
MD
LG