Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալների փաստաբանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը


Հայաստանի նախկին նախագահի և նրա նախկին 3 ենթակաների դատավարության ժամանակ այսօր Ռոբերտ Քոչարյանի թիմը չհասցրեց քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել:

Այսօր միայն 2008-ին զինված ուժերի շտաբի պետ Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբանները ներկայացրեցին նույնաբովանդակ միջնորդություն՝ պնդելով՝ 2008-ին այն մեղադրանքը, որով մեղադրվում են բարձրաստիճան նախկին պաշտոնյաները, չի եղել:

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդեց՝ 2008-ի իրադարձություններից հետո այսպես կոչված 7-ի գործով մեղադրյալներն այս հոդվածով չեն դատվել հենց իր բերած պատճառաբանությամբ:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, 2009-ի մարտի 31-ին մեղադրող դատախազների որոշմամբ ընդդիմադիրներ Ալեքսանդր Արզումանյանի ու մյուսների նկատմամբ քրեական օրենսգրքի 300 հոդվածի՝ իշխանության յուրացման մասով հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

«Օրենքը այս դեպքում հետադարձ ուժ չի կարող ունենալ», - պնդում են փաստաբանները:

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մեղսագրվում է չորս մեղադրյալներից երեքին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին: Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում:

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը շեշտեց՝ գործի նյութերից չի երևում, թե ինչ գործողության կամ անգործության համար է մեղադրվում գեներալ-գնդապետը: Մեղադրանքի ձևակերպումներից հասկանալի չէ, թե Խաչատուրովն ինչ առնչություն ունի այս ամենին, հայտարարեց փաստաբան Պողոսյանը:

«Հասկանալի չէ, օրինակ, 2008 թվականի փետրվարի 19-ին, որ անցկացվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններ, դրա հետ ինչ առնչություն ունի Յուրի Խաչատուրովը, ինչո՞ւ են այս ձևակերպումները նշված մեղադրանքի մեջ ու բազմաթիվ այսպիսի գործողություններ կան։ Ես փորձել եմ գտնել էդ մեղադրանքի որոշման մեջ, թե որոնք են կոնկրետ գործողությունները կամ անգործությունները, որոնք վերագրվում են իմ պաշտպանյալին, սակայն այդպիսի հստակ որևէ գործողություն կամ անգործություն նկարագրված չէ տվյալ մեղադրանքի որոշման մեջ», - ասաց Խաչատուրովի փաստաբանը։

Շարունակելով իր միջնորդությունը՝ Պողոսյանը պնդեց՝ որևէ մեկը չի կարող պատասխանատվության ենթարկվել այն արարքի կամ անգործության համար, որը կատարման պահին հանցանք չի եղել:

«Արդյո՞ք 2008 թվականի մարտ ամսին Սահմանադրության 1-ից, օրինակ, 3-րդ հոդվածը փաստացի վերացնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսված է, թե նախատեսված չէ, էդ հարցին պատասխան պետք է տրվի ու էդ հարցին որևէ մեկը չի կարող պատասխան տալ, առավել ևս հաշվի առնելով, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել էդ քրեական գործով, էդ ժամանակ հարուցված շրջանակներում, ակնհայտ է, որ այդ հոդվածով որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն իրավական չի եղել», - նշեց Միհրան Պողոսյանը։

«Դատալեքս» պաշտոնական տեղեկատվական կայքէջում տեղադրված մեղադրականի համաձայն, 2008-ին Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևանի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար:

Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով Հայաստանի պաշտպանության նախարարության 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փողոցներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևանի կենտրոնական փողոցներում և մայրաքաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն:

Ըստ մեղադրականի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, օրենքի խախտմամբ, 120 մլն դրամ մասնավոր միջոցներից նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50 հազար և ավելի դրամի չափով:

Մեղադրող դատախազները հայտարարեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն ավելի ուշ, երբ մյուս ամբաստանյալների փաստաբանները ևս ներկայացնեն միջնորդությունները:

Նախորդ նիստին դատախազ Պետրոս Պետրոսյանն այս հարցին էր անդրադարձել և հայտարարել՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի վերլուծությունից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցավոր արարքը նախատեսված է եղել ինչպես 2008 թվականին, այնպես 2018 թվականի գործող օրենսդրությունով, այսինքն՝ պաշտպանության կողմից որևէ մեկը չի կարող վիճարկել, որ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելը որպես Քրեական օրենսգրքով նախատեսված արարք գոյություն չի ունեցել:

Փաստաբան, այս գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն իր ելույթում հիշեցրեց մարտյան իրադարձությունները։ Հասկանալի չէ, թե պաշտպանական կողմը ինչու է անընդհատ այս հարցը բարձրացնում, ասաց Սաֆարյանը։

«Պաշտպանները ուզում են ասել, որ պետական պաշտոնյաները 2008 թվականին այն աստիճան որոշակիություն չի եղել, որ չեն իմացել, որ Սահմանադրության մեջ կա՝ մարդու իրավունքը բարձրագույն արժեք է, մարդը բարձրագույն արժեք է, իշխանությունների տարանջատման մասին չեն իմացել, զորքը քաղաքական նկատառումներով օգտագործելու մասին չեն իմացել», - նշեց փաստաբանը։

Դատարանն այսօր նկատողություն տվեց Մարտի 1-ի զոհ Սամվել Հարությունյանի հորը՝ Էդիկ Հարությունյանին՝ առանց թույլտվության ելույթ ունենալու համար: Այսօրվա դատական նիստը, ինչպես և նախորդները, անմասն չէր վեճերից՝ կողմերը միմյանց մեղադրեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով:

Առհասարակ, երբ դատական նիստին կողմերի միջև վեճ է ծագում, միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում նաև Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները: Քոչարյանի կողմնակիցներից մեկին կարգադրիչները հեռացրեցին նիստերի դահլիճից:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 14-ին:

XS
SM
MD
LG