Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 3,5 միլիարդ դրամ հատկացրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելու համար։
«Ոչ թե ճոխություն է, այլ՝ անհրաժեշտություն»,- կառավարության անդամները հարցի քննարկման ժամանակ ավելի քան 7 միլիոն դոլարի վերաբերյալ առարկություններ չունեին։
Փաշինյանը շահարկում-քննարկումներ կանխատեսեց ու միանգամից էլ պնդեց՝ դրանք տեղին չեն։ Սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի (ՍԴ) վեց անդամների պաշտոնավարումը դադարեցնելուն է վերաբերում, փողն էլ դրա համար հատկացվեց, բայց վարչապետը ծախսի տնտեսական օգուտներից խոսեց։
«Ծախսվող գումարն ի վերջո ներհոսելու է տնտեսություն, որովհետև էդ գումարով տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու, և երկրորդը՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո, պետք է ծախսվեն գումարներ։ Այնպես որ, այստեղ քննարկումները և շահարկումները տեղին չեն», - ասաց վարչապետը։
Նախ 660 միլիոնի մասին․ հենց այս գումարով հանրաքվեի օրը տեղամասերի մեծ մասից՝ առնվազն 1500-ից, հնարավոր կլինի ապահովել քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման առցանց հեռարձակումը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տեսախցիկների մեծ մասը կառավարության պահեստում են, հենց դրանք էլ տեղադրվելու են։ 2017-ի խորհրդարանական ընտրություններում տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովելու համար անհրաժեշտ 2 միլիոն դոլարը հատկացրել էր Եվրամիությունը:
Վերադառնալով այսօրվա հատկացումներին․ 234 միլիոնը ոստիկանությանը կտրվի ընտրողների ցուցակները կազմել-տպելու, նաև՝ հանրաքվեի ծանուցման ծախսերի համար։
Առցանց հեռարձակման ապահովման գումարից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կստանա ևս 2,5 միլիարդ դրամ՝ հանրաքվեի կազմակերպչական այլ ծախսերի համար:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց․ «Հիմնական մասը գումարների ենթադրում է, որ կօգտագործվի աշխատավարձի վճարման համար տեղամասերում զբաղվածների»։
Հանրաքվեի քարոզչության 4-րդ օրն է, թե՛ «Այո»-ի, թե՛ «Ոչ»-ի քարոզիչները, մեղմ ասած, ակտիվ չեն։
«Ոչ»-ի քարոզչական կողմը ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվելուց երկու օր անց հայտարարում է՝ մարդկանց հետ անմիջական շփմամբ «ոչ» չեն քարոզելու, չեն մտնելու բովանդակային քննարկումների մեջ: Բայց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի խոսքով, պատրաստ են հարթակ դառնալ հանրությանը քաղաքական ասելիք ունեցող ուժերի համար, եթե լինեն վճարովի եթերաժամից կամ իրենց օրենքով հասանելիք վահանակներից սեփական միջոցներով օգտվել ցանկացողներ:
«Մենք չենք ստանձնել բովանդակային քաղաքական քարոզչություն իրականացնելու հանձնառություն մենք նման մտադրություն չունենք», - ասաց Մելիքյանը։
«Ազատության» հարցին՝ իրենք քարոզչական կողմ են «Ոչ»-ի, չունե՞ն հանձնառություն, օրինակ, մարդկանց ասելու, թե ինչու պետք է գնան և «ոչ» ասեն, «Իրավական ուղի» ՀԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք ենք որոշում մեր քարոզչական ռազմավարությունը, և ես ներկայացրի»։
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ դիմել են ընտրական փորձառություն ունեցող խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, ցանկության դեպքում «Ոչ»-ի քարոզչական կողմից ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար։
«Մենք դիմել ենք թե՛ «Լուսավոր Հայաստան»-ին, թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ին, թե՛ ՀՀԿ-ին, թե՛ Դաշնակցությանը։ Այս չորս կուսակցություններն են, որ այս պահին հանդես են գալիս «այո»-ն բացառող տիրույթում, այս պահի դրությամբ դեռ արդյունքներ մենք չունենք, բայց անկեղծ ասած ունենք վստահություն, որ այդ հնարավորությունները կլինեն։ Ես վստահ եմ, որ մեր հանրությունը շահագրգռված է, որ որևէ մեկը կասկածի տակ չդնի այն, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 5-ին», - նշեց Մելիքյանը։
Հանրաքվեն նախաձեռնած իշխանությունը ծրագրում է մարդկանց հետ ակտիվ շփում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս հաստատեց՝ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզչությանը, չհստակեցրեց՝ երբվանից ու արդյո՞ք այդ առիթով արձակուրդ է վերցնելու։
«Գնալ Հայաստանի Հանրապետության բոլոր անկյունները, մարդկանց լսել, ասելիքը ասել և բացատրել ամեն ինչ, ինչ որ միգուցե կարիք կլինի բացատրել։ Տրամաբանությունը՝ ճիշտ է տենց անել, որ գնալով ակտիվությունը, և՛ հետաքրքրությունը, և՛ ասելիքը բերել-հասցնել ավելի քվեարկության օրվան մոտ», - ասաց Սիմոնյանը։