Մատչելիության հղումներ

Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը


Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը, արխիվ
Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը, արխիվ

Այսօր մեկնարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրերն են Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և նախկին իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ստորև՝ հատվածներ հաղորդումից.

«Ուզում ենք դատական համակարգ, որը կլինի անկախ»

Ալեն Սիմոնյան. – Մեր դատական համակարգը, որը որ ստեղծվել է, տարիներ, տասնամյակներ շարունակ ստեղծվել է, որպեսզի սպասարկի իշխանությանը, և այսօր, և հենց ամենաառաջին օրվանից սկսված, նույն Հրայր Թովմասյանը պատրաստ է եղել սպասարկել իշխանությանը՝ օրվա իշխանությանը, որովհետև իր գերնպատակը եղել է 30 տարով լինել Սահմանադրական դատարանի նախագահ, մնալ էդ պաշտոնին, ինքը դրա համար, դա իրեն վարձահատույց եղած պաշտոնն է, և այսօր նման խնդիր դրված չի։ Մենք ունենք խնդիր, որ Հայաստանի Հանրապետությունը պե՞տք է լինի իրավական <...>, թե՞ չպետք է լինի իրավական <...>, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պե՞տք է ունենա մի ատյան, որ եթե ինչ-որ մեկից դժգոհ է լինում՝ նույն մեզանից, կամ, չգիտեմ, մեկ այլ բանից, դիմի դատարան։ Այսօր ինձ մոտ գալիս են քաղաքացիներ, որոնք ունեն երեք ատյանով անցած շշմելու վճիռներ, գժվելու, մարդիկ գալիս լաց են լինում, ու ոչ մի բանով չես կարողանում օգնես։ Այ էդ դատական համակարգը այսօր փորձում է մնալ։ Մենք չենք ուզում տենց դատական համակարգ, մենք ուզում ենք դատական համակարգ, որը, այո, մեզ կասի «ոչ», կասի «ոչ», կասի ինչ-որ հարցում «ոչ», բայց ինքը կլինի անկախ։ Բայց էս դատական համակարգը ինքը արդեն իսկ ապացուցել է, որ ինքը անկախ չէ։

«Ահռելի ռեսուրսները ծախսելու ենք մի անձի աշխատանքից հեռացնելու համար»

Գևորգ Գորգիսյան. – Եթե խոսում ենք բարեփոխումների մասին, մեր ամբողջ պետաիրավական ոլորտը, դատական համակարգը, ամբողջը բարեփոխման կարիք ունի։ Բայց գլխավոր խնդիրները թողել ենք մի կողմ մենք, կենտրոնացել ենք մի անձի վրա, ընդհուպ մինչև իրենց պատգամավորները իշխանության հայտարարեցին, որ մի անձի խնդիր են լուծում, և սա քաղաքական պրոցես է և ոչ իրավական՝ սա պետք է ֆիքսենք, հա՞։ Ու էս ահռելի ռեսուրսները մենք հիմա ծախսելու ենք էս պրոցեսի վրա՝ մի անձի խնդիր լուծելու համար, մի անձի աշխատանքից հեռացնելու համար, և անտեսելով ամենակարևոր հարցերը։ Երեկ, օրինակ, մենք տեսանք Փաշինյան-Ալիև հանդիպումը, և էստեղից ի՞նչ հետևություն պիտի անել՝ ամենակարևոր հետևությունը, որ չի կարող մեր հակառակորդը, մեր սահմանի մյուս կողմում կանգնած անձինք պատրաստ չեն որևէ կերպ բանակցելու։ Նրանք ման են գալիս հարմար առիթ, երբ նրանց կներվի, և նրանք կկարողանան մարսել իրենց ագրեսիան, և հերթական անգամ հարձակվեն։ Եվ էս ամբողջ կարևոր հարցերը թողած... Մենք գիտենք, բանակում վերջին արդեն ամսուկեսվա ընթացքում 2020 թվականին մենք արդեն 13, եթե չեմ սխալվում, զոհ ունենք, և հիմնական մասը՝ չպարզված հանգամանքներով։ Եվ էս կարևոր հարցերը թողած՝ մենք ընկել ենք չգիտեմ ինչի հետևից։ Մենք պիտի ուժեղացնենք միայն մեր երկիրը, մենք հիմա պիտի ամեն օր զբաղվենք դրանով։

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չմասնակցել այս ֆարսին»

Էդուարդ Շարմազանով. – Մենք համարում ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրականացվող այս գործընթացը ոտից գլուխ կեղծիք է, ֆարս է, սա հակասահմանադրական է, հակաօրինական է, որպես Ազգային ժողովի նախկին փոխնախագահ՝ նշեմ, որ սա հակասում է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքին, և՛ ընթացակարգային առումով, և՛ բովանդակային առումով սա կեղծիք է, ուստի մենք չենք պատրաստվում մաս կազմել այս կեղծիքին։ Մենք, ավելին, ունենալու ենք մեր օրակարգը, շարունակելու ենք գործել մեր օրակարգով և անել ամեն ինչ, որպեսզի 2020 թվականը ընդդիմադիր ուժերի մոտ լինի կոնսենսուսի տարի արտահերթ ընտրությունների պահանջելու համար։ Որովհետև էսօր օրվա խնդիրը ոչ թե Փաշինյանի բռնապետական ամբիցիաների բավարարումն է, այլ Փաշինյանը եկել է իշխանության, և հարյուր հազարավոր քաղաքացիներ ցանկացել են փոփոխություններ ոչ թե նրա համար, որ Հրայր Թովմասյանը լինի կամ չլինի, ես լինեմ կամ չլինեմ, դուք լինեք կամ չլինեք, այլ որպեսզի իրենց կյանքը լավանա։ Մենք չենք լինելու ոչ «Այո»-ի մաս, ոչ էլ «Ոչ»-ի մաս, մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին չմասնակցել այս ֆարսին։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 16-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG