Մատչելիության հղումներ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին


Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին ու կավարտվի ապրիլի 3-ին։ Այդ մասին այսօր հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Հանրաքվեի հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատված է:

«Քարոզարշավի համար սահմանված է 44 օր ժամկետ», - հայտնեց նա

Սահմանադրական փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Ձևավորվելու է «այո»-ի և «ոչ»-ի մեկական շտաբ։ Արդեն հայտնի է, որ «այո» շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար կարող են դիմել նախագծին դեմ քվեարկած պատգամավորները։ Դրա համար տրվում է 7 օր, չդիմելու դեպքում գործում է այլ տարբերակ։

«Եթե նշված ժամկետում որևէ մեկը չի դիմում, չի գրանցվում, ապա այդ ժամկետի սպառվելուց հետո արդեն 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել և գրանցվել որպես «ոչ» քարոզչական նախաձեռնություն», - ասաց ԿԸՀ նախագահը:

Դեռևս քարոզարշավը չսկսված «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները սկսել են քարոզը։ Որպես օրինակ բերվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ֆեյբուքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս քարոզչություն կարող է իրականացվել։ Իսկ քարոզչության ժամանակահատվածը նրա համար է, որպեսզի որոշ սահմանափակ ռեսուրսներ, օրինակ՝ եթերաժամանակի բաշխումը, պաստառների փակցնելու տեղերը, դահլիճների տրամադրումը կանոնակարգվեն, և այդ ընթացքում պահպանվի կողմերի հավասար քարոզչության իրավունքը։

«Այսօր ակտիվորեն գործածվող սոցիալական ցանցերի վերահսկումը խնդրահարույց է», - ընդունում է Մուկուչյանը՝ հիշելով, որ նախորդ ընտրություններում էլ բախվել են խնդիրների. - «Ընդհանրական կանոններ ոչ մեր օրենսդրությամբ, ոչ որևէ օրենսդրությամբ, ես փորձել եմ նաև առիթի դեպքում իմ օտարերկյա կոլեգաներից հետաքրքրվել, ասենք կանոնակարգումներ, որոնք առկա կլինեին օրենսդրորեն, թերևս չեն հանդիպել: Իսկ կոնկրետ յուրաքանչյուր դեպքի համար արդեն բնական է՝ կլինի անդրադարձ»:

Քվեարկողների հստակ թիվը դեռ չի նշվում, այն առաջիկայում կհրապարակի լիազոր մարմինը՝ ոստիկանությունը։ Ընտրողների թվի մասին վերջին տեղեկությունը հրապարակվել է 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին, ըստ այդմ՝ Հայաստանում 2 միլիոն 575 հազար 939 ընտրող կա։ Ըստ օրենքի՝ հանրաքվեի դրված հարցը ընդունված կհամարվի, եթե դրան կողմ լինի ընտրատեղամասերում քվեարկածների առնվազն մեկ քառորդը կամ մոտ 644 հազար մարդ:

Հանրաքվեի վրա ծախսվելիք գումարի չափը դեռ հստակ չէ։ ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ կծախսվի այնքան գումար, որքան ծախսվել է 2018թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2.5 -2.7 միլիարդ դրամի սահմաններում։

Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում է 2011թ.-ից, և այս ընթացքում տեղի են ունեցել 4 համապետական ընտրություն և 1 հանրաքվե։ Հարցին՝ ի՞նչն է բոլոր իրշխանությունների համար նախընտրելի լինելու ֆենոմենի պատճառը, 9 տարի ԿԸՀ ղեկավարող Մուկուչյանը պատասխանեց․ - «Մեր ֆենոմենը հիմա միայն մեկ բան է՝ պատշաճ կազմակերպել գործընթացը»:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG