Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ դեսպանների, ԱԺ նախագահը՝ ՍԴ դատավորների հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ, 12 փետրվարի, 2020թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ, 12 փետրվարի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այսօր կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին, վարչապետը նաև պատասխանել է դեսպանների հարցերին:

Հանդիպմանը ներկա իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի փոխանցմամբ՝ գործընթացի հակասահմանադրական լինելու վերաբերյալ դեսպանների կողմից որևէ հարց կամ մեկնաբանություն չի հնչել: - «Մտահոգություններ չեն հնչել, հնչել են հարցեր՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, քանի որ վարչապետը հենց այդ նպատակով էր հրավիրել այդ հանդիպումը»:

Մակունցը չմանրամասնեց, թե ինչ հարցեր են հնչել, բայց վստահեցրեց. - «Այն մտահոգությունները, որ հնչեցրիք, որևէ նման մտահոգություն չի հնչել, հարցադրումները նման մեկնաբանություններ չեն պարունակել, և ոչ էլ այդ մեկնաբանություններին մոտ ձևակերպումներ են եղել»:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ տպավորություն է ստացել՝ միջազգային կառույցներն աջակցո՞ւմ են այս գործընթացին, իշխող խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Նման նպատակ չի ունեցել հանդիպումը, այսինքն՝ աջակցություն ստանալու և այլն: Պարզապես իրավիճակը ներկայացվել է, հանրաքվեին առնչվող իրավիճակը ներկայացվել է, թե ինչու է նախաձեռնվել այս գործընթացը, ինչ նախապատմություն է ունեցել այս ամենը, և ինչ նպատակ ենք մենք դնում մեր առջև»:

Կառավարության լրատվության բաժնից հայտնեցին՝ փակ հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ փոխանցել չեն կարող: Հանրաքվեի գործընթացը միջազգային գործընկերների կողմից հավանության արժանացավ, թե ոչ հարցին ի պատասխան՝ հանդիպմանը մասնակցած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ ձևաչափը չէր ենթադրում դեսպանների կողմից մտահոգության բարձրաձայնում. - «Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր 10 տարի առաջ»:

Անցած շաբաթ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց անդամի պաշտոնավարման հարցով հանրաքվեի մասին որոշում կայացնելու օրը, ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը դիմեց ՍԴ անդամներին՝ հիշեցնելով, որ դեռ ուժի մեջ է կամավոր կենսաթոշակի անցնելու օրենքը, ապա շարունակեց․ - «Դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը և ժողովրդին»: Վարչապետը հայտարարել էր նաև, որ պատրաստ է հանդիպել նրանց հետ: Ինչպես փոխանցեցին կառավարությունից, դատավորներից կողմից նման նախաձեռնություն դեռ չի եղել, և հանդիպումներ չեն կայացել:

Փոխարենը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակից հաստատեցին՝ այս օրերին շարունակվում են Միրզոյանի հանդիպումները ՍԴ դատավորների հետ, այդ թվում՝ Ֆելիքս Թոխյանի։ Իսկ այս մասին ԱԺ կայքում հրապարկումներ չեն եղել, քանի որ դրանք խորհրդարանի շենքում չեն կայացել: Հանդիպումներին քննարկվել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը:

Իշխող խմբակցության ղեկավարը չի բացառում, որ ՍԴ անդամների՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու պարագայում հանրաքվեն կարող է տեղի չունենալ․ - «Եթե բոլոր անդամները ներկայացնեն վաղ կենսաթոշակից օգտվելու հայտ, ու դա լինի այն տրամաբանության մեջ, միտված լինի սահմանադրական կարգի վերականգնմանը այն համատեքստում, որը մենք դրել ենք մեր առջև, ապա դա մի բոլորովին այլ իրավիճակ է, որը կտեսնենք՝ ինչքանով է նպատակահարմար հանրաքվե իրականացնել այդ պարագայում, թե ոչ», - նկատեց Մակունցը:

Իսկ քանի դեռ դատավորներից կամավոր կենսաթոշակից օգտվելու հայտեր չեն ստացել, իշխանություններն ամբողջ ներուժով պատրաստվում են առաջիկա հանրաքվեին: Ինչպես փոխանցեց ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը, վարչապետն անձմաբ է մասնակցելու փետրվարի 17-ից մեկնարկող քարոզարշավին, որն ունենալու է նաև հանրահավաքային ֆորմատ:

«Մեծ հաճույք ենք ստանում և առիթը բաց չենք թողնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գյուղի, քաղաքի և մեր բանկիչների հետ շփվելու», - նշեց ԱԺ փոխնախագահը:

Մինչ այս պահը հայտնի չէ՝ կձևավորվի արդյոք «Ոչ»-ի շտաբ, թե ոչ: Դա կարող է անել կա՛մ խորհրդարանական ընդդիմությունը, որը դեռևս նման որոշում չունի, կա՛մ 50 հոգուց կազմված քաղաքացիների խումբը՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հակառակ ճամբարի բացակայությունը, սակայն, իշխանություններին չի անհանգստացնում, ավելին՝ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ այդ տեղը դատարկ չի մնա:

«Ոչ հակասահմանադրական հանրաքվեին» լոզունգն է արդեն պտտվում: Վստահ եմ, որ կլինի, եթե չլինի, օրենքը, դրա կարգավորումը կա», - շեշտեց նա:

Նախագծին դեմ քվեարկած «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է՝ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորի, բայց դա չի նշանակում, որ քարոզարշավի ընթացքում իրենց դիրքորոշումը չեն ներկայացնի. - «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, և մենք կառչած չենք մնալու իշխանության մեկ անձի հարցի լուծման օրակարգից», - հայտարարեց Սամսոնյանը:


XS
SM
MD
LG