Մատչելիության հղումներ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն


Օրվա քաղաքական իշխանությունը երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ:

«Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն՝ իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը», - հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն՝ հավելելով, որ անընդունելի է «հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու» իշխանության մոտեցումը:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

«Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը», - նշում է ԳՄ-ն:

Նաև հայտարարությամբ դիմում են կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը միավորել ջանքերը՝ բացառելու «Այո»-ն: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը խոստանում է ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

XS
SM
MD
LG